Վրաստանի Ջրամատակարարման Ընկերությունը պատասխանել է NOR-ի նամակին

Վրաստանի Ջրամատակարարման Ընկերությունը պատասխանել է NOR-ի նամակին

Հոկտեմբերի 2-ին NOR ռադիոկայանը պաշտոնական նամակով դիմել էր Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերությանը՝ պարզելու, թե ինչու Նինոծմինդայում ջրագծերի փոխարինումից հետո մի շարք փողոցներ մնացել են չվերականգնված, իսկ ճանապարհները՝ վնասված։

Նախատեսվո՞ւմ է դրանց վերականգնումը, և եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում։ ։

Մասնավորապես, խնդիրներ են արձանագրվել Նինոծմինդայի հետևյալ հատվածներում՝

  • Սպանդարիանի և Շահումիանի խաչմերուկ,
  • Կարլ Մարքս փողոց,
  • Պուշկին փողոց,
  • Սպանդարիան փողոց,
  • Գոգոլ և Կարլ Մարքս խաչմերուկ։

Ի պատասխան մեր նամակին՝ Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերությունը այսօր` հոկտեմբերի 20-ին տեղեկացրեց, որ Նինոծմինդայում և հարակից գյուղերում՝ Մեծ Խանչալի, Կաթնատու և Օրոջոլար գյուղերի ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքները դեռ շարունակվում են՝ «Գզա» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակում։

Ընկերությունը նշել է, որ վերոնշյալ փողոցներում առաջացած վնասները կվերացվեն հնարավորինս շուտ, սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվել։

Նշենք, որ Նինոծմինդայի բազմաթիվ բնակիչներ սպասում են ոչ միայն աշխատանքների ավարտին, այլ նաև ճանապարհների ամբողջական վերականգնմանը։ «Ռադիո NOR»-ը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը և ներկայացնել նոր մանրամասները։