«Դիմել եմ քաղաքապետարան, բայց որևէ լուծում մինչ օրս չի տրվել»․ Գոնդուրայի բնակիչ

«Դիմել եմ քաղաքապետարան, բայց որևէ լուծում մինչ օրս չի տրվել»․ Գոնդուրայի բնակիչ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղի բնակիչ Վառլամ Առաքելյանը արդեն հինգ տարի անընդմեջ դիմում է տեղական իշխանություններին՝ փորձելով լուծում ստանալ ասֆալտապատման հետևանքով առաջացած խնդրին։ 2020 թվականին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում նրա տան մուտքը հայտնվել է մոտ մեկ մետր բարձրության վրա, ինչի հետևանքով գյուղական տեխնիկան և մեքենան հնարավոր չէ կայանել տան մոտ։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղի բնակիչ Վառլամ Առաքելյանը դիմում է NOR ռադիոկայան բարձրաձայնելով իր խնդրի մասին, որը նրա խոսքով, առաջացել է դեռևս 2020 թվականին և տարիներ շարունակ լուծում չի տրվում։ Այդ ժամանակ գյուղում իրականացվել են Դիլիֆ-Գոնդուրա ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներ, որոնք բնակչի համար դարձել է լուրջ անհարմարությունների պատճառ։

Առաքելյանի խոսքով՝ ասֆալտապատումից հետո նրա տան մուտքը հայտնվել է ճանապարհի մակարդակից մոտ մեկ մետր բարձրության վրա, ինչի հետևանքով նա չի կարողանում մեքենան կանգնեցնել տան մոտ, նամանավանդ ձմռան ամսիներին տան մուտքը անանցանելի է դառնում։

Լուսանկարը բնակչից․

«Տանս ճանապարհը մնացել է 1 մետր բարձրության վրա։ Քայլելով հնարավոր է բարձրանալ, բայց մեքենայով՝ բացարձակապես ոչ։ Տարիներ շարունակ դիմել եմ քաղաքապետարան՝ խնդրելով օգնել, ամեն անգամ խոստացել են, բայց որևէ լուծում մինչ օրս չի տրվել», – նշում է նա։

Լուսանկարը բնակչից․

Բնակչի խոսքով՝ մասնակի օգնություն տրամադրվել է՝ տան մուտքի հատվածում կառուցվել է բետոնապատված անցում, սակայն դա չի լուծում հիմնական խնդիրը։ Բացի այդ, նրա տունը շրջապատող քարե ցանկապատերը քանդվում են, իսկ հարևանությամբ գտնվող էլեկտրասյունը վթարային վիճակում է և վտանգ է ներկայացնում։ Նույնիսկ ջրահեռացման համար նախատեսված ջրատարը, որը գտնվում է իր տան մուտքի մոտ ըստ բնակչի, տարիներով չի մաքրվում։

«Ամբողջ գյուղում ասֆալտապատումը կատարվել է այնպես, որ բնակիչները խնդիր չունեն իրենց տների մուտքի առումով։ Միայն իմ դուռն է այդպիսի վիճակում», – դժգոհում է Առաքելյանը։

Լուսանկարը բնակչից․

Վերջինս հորդորում է տեղական իշխանություններին վերջապես արձագանքել խնդրին և ձեռնարկել համապատասխան քայլեր՝ ապահովելու համար տան հասանելիությունը և վերացնելու տարիներ շարունակ չլուծվող այս անհարմարությունը։

Լուսանկարը բնակչից․