Քաղցկեղից մահվան հիմնական պատճառը կարող է մետաստազները չլինել

Քաղցկեղից մահվան հիմնական պատճառը կարող է մետաստազները չլինել

Տեխասի համալսարանի Հարավարևմտյան բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ քաղցկեղից մահվան պատճառը կարող է լինել ոչ թե մետաստազավորումը, այլ ուռուցքների ներթափանցումը խոշոր արյունատար անոթներ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։

Հեղինակները վերլուծել են Դալլասի կլինիկաներում մահացած պինդ ուռուցքներով ավելի քան 100 հիվանդների առողջական տվյալները: Հետազոտողները նաև հետևել են հոսպիսային խնամքի տակ գտնվող 31 ծանր հիվանդների վիճակին:

Գիտնականները հայտնաբերել են, որ փորձարկվողների մեծ մասի մոտ քաղցկեղային ուռուցքները ներաճել էին այնպիսի անոթների մեջ, ինչպիսիք են ստորին սիներակը, դռներակը, լյարդային երակները և որովայնային աորտան։ Ընդ որում, կյանքի վերջին շաբաթներին պացիենտների արյան մեջ արձանագրվել էր շրջանառվող ուռուցքային բջիջների կտրուկ աճ։

Ի տարբերություն սովորական դիահերձման, գիտնականների կողմից օգտագործված ձևափոխված մեթոդիկան հնարավորություն տվեց պահպանել անոթների ամբողջականությունը և հայտնաբերել դրանց վնասման հատվածները։ Արդյունքները հաստատել են, որ ուռուցքները կարող են խթանել թրոմբների առաջացումը, որոնք խախտում են արյան հոսքը և առաջացնում կենսական կարևոր օրգանների անբավարարություն։

Լրացուցիչ հաստատում հետազոտողները ստացել են՝ ուսումնասիրելով Գերմանիայի 1200-ից ավելի քաղցկեղով պացիենտների ՀՏ-ի (համակարգչային տոմոգրաֆիայի) արդյունքները։ Նշանակալի մասի մոտ նույնպես հայտնաբերվել են անոթային ինֆիլտրացիայի նշաններ։ Այս բացահայտումը կասկածի տակ է դնում քաղցկեղից մահվան մեխանիզմների մասին ձևավորված պատկերացումը և կարող է փոխել բուժման կլինիկական մոտեցումը։

Հեղինակների խոսքով, քաղցկեղի բուժման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն ուռուցքներին, որոնք գտնվում են խոշոր անոթների կողքին. դրանց վրա վիրահատական կամ ճառագայթային ազդեցությունը պոտենցիալ կերպով կարող է նվազեցնել բարդությունների ռիսկը և բարելավել գոյատևումը։