Ում կվերաբերվի և երբ կգործարկվի 3+1 համակարգը

Ում կվերաբերվի և երբ կգործարկվի 3+1 համակարգը

«Վրացական երազանք»-ի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի հայտարարությամբ, 3+1 համակարգը` 3-ամյա բակալավրիատը և 1-ամյա մագիստրատուրան, չի տարածվի նրանց վրա, ովքեր ներկայում ունեն ուսանողի կարգավիճակ։ Գրում է Ալիք Մեդիան․

Հիշեցնենք. Իրակլի Կոբաօխիձեն օրեր առաջ հայտարարել էր, որ բարձրագույն կրթության տևողությունը կփոխվի 3+1 սկզբունքով. բակալավրիատը՝ երեք տարի, մագիստրատուրան՝ մեկ տարի։

Ըստ կրթության նախարարի` կառավարության պլանով 3+1 համակարգին անցումը պարտադիր կլինի ապագա դիմորդների համար (հաջորդ տարի ուսանող դարձողների համար)։

«Եթե դիտարկենք մի շարք ֆակուլտետներ, կտեսնենք, որ կան առարկաներ, որոնց անհրաժեշտությունը կասկածելի է։ Մինչդեռ, եթե պահպանենք այն հիմնական դրույթները, որոնք անհրաժեշտ են կոնկրետ մասնագիտություն և որակավորում ստանալու համար համալսարանական մակարդակում, ապա կարող ենք դրանք ազատորեն տեղավորել 3-ամյա բակալավրիատի ծրագրում… Այս գործընթացները չեն առնչվի նրանց, ովքեր ներկայում ունեն ուսանողի կարգավիճակ։ Նրանց վրա դա չի տարածվի։ Այս գործընթացները կներդրվեն անցումային շրջանում և կսկսվեն արդեն հաջորդ տարվա ընդունելությունից, այսինքն՝ հաջորդ տարվա ընդունելությունից պլանավորում ենք ներդնել 3+1 համակարգը կոնկրետ ֆակուլտետներում», – հայտարարել է կրթության նախարարը։

Նրա պնդմամբ, համակարգը ինքնին ճկուն է և գործարկումից հետո կկենտրոնանա ուսանողին հիմնարար և անհրաժեշտ գիտելիքներով զինելու վրա։

«Սա այն դրույթը չէ, որն առաջին անգամ է ներդրվում Վրաստանում։ Եվրոպայի բազմաթիվ երկրներում իրար հետևից անցում է կատարվում 3-ամյա բակալավրիատի և 1-ամյա մագիստրատուրայի համակարգին։ Ո՞րն է դրա հիմնական նպատակը. կոնկրետ մասնագիտությունների ուղղությամբ ուսանողներին պետք է զինենք հիմնական ֆունդամենտալ գիտելիքներով։ Համապատասխանաբար, հնարավորություն տանք, որ մարդը շուտ հաստատվի շուկայում և սկսի իր կարիերայի առաջխաղացումը», – ասել է կրթության նախարարը հոկտեմբերի 17-ին «Իմեդի» իշխանամետ հեռուստաընկերության եթերում։

Գիվի Միքանաձեի հայտարարությամբ, բարձրագույն կրթության բարեփոխումների հայեցակարգը, որի մի մասն է կազմում 3+1 համակարգը, և որը վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանրությանը ներկայացրել է հոկտեմբերի 16-ին, համապատասխան քննարկումներից հետո կհաստատի կառավարությունը, իսկ Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը կսկսի աշխատանքը համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթի հիման վրա։