Ղարիբաշվիլին խոստովանել է, որ ապօրինի եկամուտ է ստացել

Ղարիբաշվիլին խոստովանել է, որ ապօրինի եկամուտ է ստացել

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննության ժամանակ խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Էմզար Գագնիձեն։

«Այսօր նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննվել է Պետական ​​անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունում։ Նա լիովին համագործակցում է քննության հետ և խոստովանել է, որ մի քանի տարվա ընթացքում անօրինական եկամուտ է ստացել», – ասել է Գագնիձեն։

Գագնիձեի խոսքով՝ առաջիկա օրերին քննիչները կորոշեն, թե ինչպես դասակարգել Գարիբաշվիլիի գործողությունները և ինչ խափանման միջոց ընտրել նրա նկատմամբ։

Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկինում հայտնել էր Ղարիբաշվիլիի, Պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի և նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի, ինչպես նաև նրանց հետ կապված ութ անձանց տների խուզարկությունների մասին։ Պետական ​​անվտանգության ծառայությունը հետագայում հայտնել է, որ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների տներից առգրավվել է ավելի քան 7 միլիոն դոլար, 198 թանկարժեք իրեր և ժամացույցներ, արժեքավոր նկարներ, հազարավոր էջ փաստաթղթեր, 50 բջջային հեռախոս և 119 էլեկտրոնային սարք։ Դատախազությունը հետագայում հայտնել է լրացուցիչ 4 միլիոն դոլարի առգրավման մասին։

Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2013-2015 թվականներին և 2021-2024 թվականներին։ Նա նաև զբաղեցրել է երկրի ներքին գործերի և պաշտպանության նախարարի պաշտոնները։