Կարծիքներ Նինոծմինդայի բնակիչներից կրթության որակի մասին

Կարծիքներ Նինոծմինդայի բնակիչներից կրթության որակի մասին

Կրթությունը շարունակում է մնալ այն հիմնասյունը, որի վրա կառուցվում է յուրաքանչյուր հասարակության ապագան։ Մասնագետների խոսքով՝ այն ոչ միայն փոխանցում է գիտելիք, այլև ձևավորում է արժեքային համակարգ, մտածողության ձև և սոցիալական պատասխանատվություն։

Այսօր փորձեցինք պարզել, թե ինչպիսին է կրթության ներկայիս մակարդակը Վրաստանում։

NOR ռադիոկայանը զրույց ունեցավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարբեր գյուղերի բնակիչների՝ ուսանողների, ծնողների հետ, ովքեր իրենց կարծիքը հայտնեցին տվյալ թեմայի շուրջ։ Վրաստանում կրթության մակարդակը գտնվում է զարգացման փուլում, սակայն, ինչպես նշում են բնակիչները, դեռ շատ հարցեր կան, որոնք խանգարում են համակարգի լիարժեք կատարելագործմանը։

Ս․ Ա․-ն, ով նախկին ուսանող է, իր կարծիքը ներկայացրեց կրթության որակի մասին, ընդգծեց, որ Վրաստանը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկում կրթական ոլորտի բարելավման ուղղությամբ։ Սակայն, նրա խոսքով, այդ փոփոխությունները հավասարաչափ չեն իրականացվում ամբողջ երկրի տարածքում։

«Գյուղերի և քաղաքների կրթության մակարդակի տարբերությունը զգալի է։ Օրինակ՝ շրջանների կրթությունը համեմատած Թբիլիսիի կրթության հետ շատ ավելի ցածր մակարդակի վրա է գտնվում։ Իմ կարծիքով, Թբիլիսիի համալսարանների կրթությունը կարելի է համեմատել եվրոպական երկրների կրթության որակի հետ։ Լինելով շրջանից՝ չեմ կարողացել սովորել Թբիլիսիում և ուսումս շարունակել եմ մեր շրջանում, սակայն վստահ կարող եմ ասել, որ մեր և Թբիլիսիի կրթությունը անհամեմատելի են»,- ասաց Ս․ Ա․-ն։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Վրաստանի կրթական համակարգը զարգացման ուղու վրա է, սակայն որոշ տարածաշրջաններում դեռ շատ աշխատանք կա անելու։

Մեկ այլ հարցված՝ Գ․ Պ․-ն, ով գյուղական բնակավայրից է և ունի դպրոցական երեխա, նույնպես չցանկացավ նշել իր ինքնությունը, սակայն նշեց, որ ընդհանուր առմամբ Վրաստանում կրթության մակարդակը բավական բարձր է։

«Վրաստանում և առհասարակ մեր Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում վերջին տարիներին կրթությունը սկսել է բարելավվել։ Հայալեզու դպրոցներում ավելի մեծ ուշադրություն է դարձվում պետական լեզվի՝ վրացերենի ուսուցմանը, ինչը կարևոր է, քանի որ շատ երեխաներ հետագայում շարունակում են իրենց կրթությունը Թբիլիսիի բուհերում։ Վրացերենի իմացության բարձրացումը դրական առաջընթաց է, և այժմ գրքերի մոտ 50 տոկոսը վրացերենով են»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ, Գ․ Պ․-ն նաև նշեց կրթական համակարգի միակ բացասական կողմը՝ 12-ամյա կրթությունն է, որն էլ ըստ նրա որոշ չափով նվազեցնում է կրթությունը։

«Կարծում եմ՝ դպրոցների 12-ամյա համակարգը անհրաժեշտ չէ։ Երեխաները մեկ տարի ավել են անցկացնում դպրոցում առանց նոր գիտելիքներ ձեռք բերելու։ Այդ ժամանակը կարելի էր օգտագործել համալսարաններում ուսման համար, որպեսզի նրանք ավելի շուտ սկսեն մասնագիտական զարգացումը»,- հավելեց նա։

Նինոծմինդայի մի այլ տարեց բնակիչն էլ նշեց, որ ներկայումս Վրաստանի կրթության վիճակը զգալիորեն բարելավվել է․

«Օրինակ՝ իմ ժամանակներում վրացերենի դասերը շաբաթական ընդամենը մեկ ժամ էին։ Իսկ հիմա ժամանակները փոխվել են․ կրթությունը դարձել է ավելի բարձր մակարդակի, դպրոցներում վրացերենի դասաժամերն ավելացել են, և երեխաներն էլ պետական լեզվին շատ ավելի լավ են տիրապետում։ Որքան շատ բան իմանաս, այնքան լավ»,- ասաց նա։

Ուսանողուհի Շ․ Վ․-ը նույնպես հայտնեց իր կարծիքը այս թեմայի շուրջ․

«Ես ինքս ընդունվելով 1+4 ծրագրով, կարծում եմ որ մի տարի վրացերեն սովորելը շատ քիչ է, եթե չունես հավելյալ պարապունքներ, քանի որ առաջին կուրսում մենք սկսում ենք սովորել վրացիների հետ, իսկ լեզվի պակաս իմացությունը բերում է բազմաթիվ խնդիրների, ուսանողը սկսում է կոմպլեքսավորվել, չի ցուցաբերում ակտիվությունը ինչն էլ իր հերթին նվազեցնում է կրթության որակը»,- ասաց Շ․ Վ․-ն։

Նա նաև նշեց, որ եթե ինքը հնարավորություն ունենար ինչ-որ բան փոխելու Վրաստանի կրթության մեջ, դա կլիներ այն, որ կրթությունը դառնա ավելի գործնական և ժամանակակից։ Բացի այդ, նա կարևորում է որ դպրոցներին ավելի շատ ուշադրություն դարձվեն հատկապես վրացերենի և օտար լեզուների խորացված ուսուցմանը, որպեսզի երեխաները հեշտությամբ կարողանան շփվել և սովորել ապագայում։

«Վրաստանի բարձրագույն կրթությունը վերջին տարիներին զգալի փոփոխությունների և բարեփոխումների գործընթաց է անցնում՝ նպատակ ունենալով համընկնել եվրոպական Բոլոնիայի գործընթացի չափանիշներին։
Հաշվի առնելով ներկայիս փոփոխությունները որոնք ուզում են իրականացնել, ըստ իս սխալ է, քանի որ մենք սովորելով 4 տարի լիովին չենք տիրապետում մեր մասնագիտությանը ինչպես հարկն է, իսկ 3 տարում սովորել ու յուրացնել մասնագիտական բարդ տերմիները դժվար է բոլորի համար»,- հավելեց ուսանողուհին ։

Հավելենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ իր թիմը նախատեսում է դպրոցներում 12-ամյա կրթությունից անցում կատարել 11-ամյա կրթության։ Նախատեսվում է նաև բուհերում բակալավրիատը դարձնել 3, իսկ մագիստրատուրան 1 տարի: