Ժդանովականում գայլերը հարձակվել են ոչխարների հոտի վրա

Ժդանովականում գայլերը հարձակվել են ոչխարների հոտի վրա

Այսօր` հոկտեմբերի 24-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետում կրկին գայլերի հարձակման դեպք է գրանցվել։

Ժդանովական գյուղի մոտակայքում գայլերը հարձակվել են ոչխարների հոտի վրա և հոշոտել երկու ոչխար։ Ականատեսների խոսքով ոհմակը բաղկացած է եղել չորս գայլից։ Հովվին հաջողվել է ժամանակին օգնություն կանչել գյուղից և փրկել ոչխարների հոտը։ Դեպքը տեղի է ունեցել կեսօրին։

Նշենք, որ մեկ շաբաթվա ընթացքում սա գայլերի հարձակման երկրորդ դեպքն է։

Վեց օր առաջ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կաթնատու գյուղում գիշերային ժամերին գրանցվել էր գայլերի հարձակման ևս մեկ դեպք։

Երեք գայլից բաղկացած ոհմակը մտել է անասնագոմ և հոշոտել յոթ ոչխար։

Վերջին տարիներին նման միջադեպերը արձանագրվել են հատկապես աշնանային ամիսներին։ Աշնանը գայլերը հաճախակի են մոտենում բնակավայրերին՝ ձմռան նախաշեմին սննդի պակասի պատճառով։ Այդ շրջանում գիշատիչների վարքագիծը կարող է փոփոխվել՝ պայմանավորված իրենց բնական միջավայրում սննդի հասանելիությամբ և եղանակային պայմաններով։