
Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Հին Թբիլիսիի և Դիդուբե-Չուղուրեթիի գլխավոր բաժինների աշխատակիցները տարբեր ժամանակահատվածներում իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում խմբով իրականացված գողության մեղադրանքով ձերբակալել են հինգ անձի՝ 2004 թվականին ծնված Ա.Կ.-ին, 2006 թվականին ծնված Լ.Ճ.-ին, 2005 թվականին ծնված Ա.Ի.-ին, 2008 թվականին ծնված Ս.Կ.-ին և 2003 թվականին ծնված, նախկինում դատապարտված և ներկայումս պայմանական պատժի տակ գտնվող Ն.Ս.-ին։
Նախարարության տեղեկացմամբ, հանցագործությունն ենթադրում է ազատազրկում մինչև 7 տարի ժամկետով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները սույն թվականի հոկտեմբեր ամսին ուշ գիշերին Հին Թբիլիսիի, Վակե-Սաբուրթալոյի և Դիդուբե-Չուղուրեթիի տարածքներում վնասել են 43 ավտոմեքենայի դիմապակիներ, ինչի արդյունքում ապօրինաբար տիրացել են մեքենաների մեջ եղած անձնական իրերին, էլեկտրոնային սարքավորումներին և տարբեր չափի գումարներին։
Իրավապահները իրականացրած քննչական գործողությունների արդյունքում հինգին էլ ձերբակալել են որպես մեղադրյալ։ Ոստիկանությունը, մեղադրյալների անձնական և բնակարանային խուզարկության արդյունքում, գողացված իրերի մի մասը առգրավել է որպես ապացույց։ Նախաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերի «ա» և «բ» կետերով», – նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

