
Հոկտեմբերի 25-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղի «Տաո» պարի խումբը, որը բաղկացած է 25 անդամից (մանկական և մեծահասակ խմբեր), Վանո Բալախաշվիլիի ղեկավարությամբ մասնակցեց Սամեգրելոյի Խոբի քաղաքի մշակույթի տանը կայացած փառատոնին, որը նվիրված էր քաղաքի օրվան։
Փառատոնին մասնակցում էին տարբեր շրջաններից ժամանած խմբեր, իսկ Մամզարայի «Տաո»-ն ներկայացնում էր Նինոծմինդան և հայ համայնքը։ Մասնակիցները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով։
«Տարբեր վայրերից բազմաթիվ խմբեր էին եկել, բայց մեր երեխաներն էին միակ հայերը։ Բոլորը շատ ուրախացան, որ մենք երկար ճանապարհ անցնելով՝ Նինոծմինդայից հասել էինք Խոբի և միակ հայկական խումբն էինք որ պատվով ներկայացրեցինք վրացական պարը»,- նշեց ծնողներից մեկը` Վարսիկ Գրիգորյանը։
Նա հավելեց, որ երեխաները մեծ ոգևորությամբ են մասնակցել փառատոնին և ստացել մեծ տպավորություններ։
Փառատոնի ավարտից հետո պարուսույց Վանո Բալախաշվիլին խմբի երեխաների համար կազմակերպել է էքսկուրսիա դեպի Պրոմեթևսի քարանձավ (Prometheus Cave), որտեղ նրանք վայելել են գեղեցիկ բնությունը։



