Windows 10-ի ավարտը խթանել է Apple-ի համակարգիչների վաճառքը

Windows 10-ի ավարտը խթանել է Apple-ի համակարգիչների վաճառքը

Windows 10 օպերացիոն համակարգի պաշտոնական աջակցության ավարտը 2025 թվականի հոկտեմբերին էական ազդեցություն է ունեցել համակարգիչների շուկայի վրա՝ հատկապես նպաստելով Apple-ի վաճառքի աճին։ Counterpoint Research-ի տվյալներով՝ ընկերության համակարգիչների մատակարարումները երրորդ եռամսյակում աճել են 14,9 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Այս մասին հայտնում է Tom’s Hardware-ը։

Ընդհանուր առմամբ, համակարգիչների գլոբալ շուկան աճել է 8,1 տոկոսով։ Այս միտումը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ շատ օգտատերեր ստիպված են թարմացնել իրենց սարքավորումները՝ Windows 11-ի հետ համատեղելի լինելու համար։ Միաժամանակ, արտադրողները ավելացրել են մատակարարումները՝ հնարավոր մաքսային սահմանափակումների ֆոնին։ Շուկայի առաջատարը Lenovo-ն է՝ 17,4% աճով, իսկ երկրորդ տեղում՝ Apple-ը՝ 14,9% ցուցանիշով։ Asus-ն ու HP-ն ևս գրանցել են աճ՝ համապատասխանաբար 14% և 10%, մինչդեռ Dell-ի ցուցանիշը նվազել է 0,9%-ով։

Փորձագետների խոսքով՝ մի շարք օգտատերեր, որոնց համակարգիչները չեն համապատասխանում Windows 11-ի տեխնիկական պահանջներին (օր.՝ TPM 2.0 չիպի բացակայության պատճառով), նախընտրել են անցնել macOS համակարգով Mac համակարգիչների։

Նշվում է, որ արհեստական բանականությամբ համակարգիչները (AI PC) դեռևս շուկայի հիմնական շարժիչը չեն դարձել։ Գնորդները շարունակում են նախընտրել սարքեր՝ մեծ հիշողությամբ կամ ծավալուն պահեստային տարածությամբ։ Սակայն Counterpoint-ը կանխատեսում է, որ 2025 թվականին AI համակարգիչների պահանջարկը կաճի՝ Qualcomm-ի և Intel-ի նոր չիպերի թողարկումից հետո։