
 
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում անցկացվեց բանաստեղծ, արձակագիր և մանկավարժ Վիկտոր Հովսեփյանին նվիրված «Հովսեփյանական օր»-ը։ Միջոցառմանը ներկա էին գրողի հարազատները, բարեկամները, մտերիմները, ընտանիքի անդամները, քաղաքական գործիչներ, մշակույթի գործիչներ, գրականագետներ և բազմաթիվ հյուրեր։

Օրը սկսվեց Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանում, որտեղ բանաստեղծի դուստրը՝ Գիսանե Հովսեփյանը ներկայացրեց նրա գրքերը, լուսանկարները և ստեղծագործական ժառանգությունը։

Այնուհետև ներկաները շարժվեցին դեպի Վիկտոր Հովսեփյանի հուշարձանի մոտ, որտեղ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն, որը կատարվեց Տեր Արմաշ քահանա Պողոսյանի և Տեր Անտոն քահանա Անտոնյանի կողմից։

Հոգեհանգստից հետո Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում՝ նվիրված գրողի ծննդյան 78-ամյակին։ Դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների նախաձեռնությամբ անցկացված միջոցառմանը մասնակցեցին նաև Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև երգիչներ Սամվել Թաթարյանը և Հայաստան Իսպիրյանը, Գանձայի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 2 հանրային դպրոցի, Փոկայի հանրային դպրոցի, Վահան Տերյանի անվան թիվ 1 հանրային դպրոցի, Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1, և Հեշտիայի թիվ 2 դպրոցների աշակերտները։

Միջոցառումը բացեց և ողջույնի խոսք ասաց Վիկտոր Հովսեփյանի դուստրը՝ Նանե Հովսեփյանը, ով նաև Հեշտիայի թիվ 1 դպրոցի տնօրենն է։ Նա իր խոսքում խորին երախտագիտություն հայտնեց բոլոր ներկաներին՝ իր հոր հիշատակը արժանապատվորեն հարգելու, գնահատելու և ներկա գտնվելու համար։
Համերգային ծրագրի ընթացքում մասնակիցները հանդես եկան Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործություններով, իսկ աշակերտները հանդես եկան երգերով, պարերով և ասմունքով։

Վիկտոր Հակոբի Հովսեփյանը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 4-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում: Ավարտել է Հեշտիայի միջնակարգ դպրոցը 1973 թվականին, հեռակա ընդունվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1973-1996 թվականներին դասավանդել է հայրենի գյուղում։ Հեղինակ է 16 չափածո և արձակ ժողովածուների։ Ստեղծագործությունները թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, գերմաներեն, ուզբեկերեն։ Հովսեփյանը վրացերենից թարգմանել է Տերենտի Գրանելուն, գերմաներենից Ռայներ Մարիա Ռիլկեին, ռուսերենից Իննոկենտի Անեսկուն և ուրիշ հեղինակների գործեր։ 1981 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ, իսկ 1991 թվականին Վրաստանի և Հայաստանի գրողների միության անդամ:
Տեսանյութ․
Ֆոտոշարք․


















