
Վրաստանի դպրոցներում հնարավոր է ներդրվի աշակերտների կանխարգելիչ բժշկական զննում։ Այս հարցը քննարկվել է նոյեմբերի 5-ին Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի կոմիտեի նիստում։
Կրթական համակարգում աշակերտների կանխարգելիչ զննումների ներդրման առաջարկով հանդես է եկել կոմիտեի անդամ Լադո Կախաձեն։
«Լավ կլինի, եթե դպրոցներում վերադարձնենք կանխարգելիչ զննումները։ Սա կլինի ևս մեկ կանխարգելիչ, այսինքն՝ պրեվենտիվ միջոցառում ոչ միայն բանակին պատրաստ լինելու, այլև բազմաթիվ այլ պատճառներով… Դա տեսողությունն է, լսողությունը, էնդոկրին համակարգը, սիրտ-անոթային համակարգը, շնչառական համակարգը։ Մենք դպրոց ենք վերադարձրել բժիշկներին, ներդրել ենք «Բժշկի ժամ»։ Վնասակար սովորություններ, քնի խնդիրներ, սննդառության առանձնահատկություններ, ֆիզիկական ակտիվություն։ Այս գործում արդեն ներգրավված է Ներքին գործերի նախարարությունը», – հայտարարել է պատգամավորը։
Կոմիտեի նիստում օրենսդիրները քննարկել են օրակարգով նախատեսված հարցերից մեկը՝ «Պաշտպանության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը և դրան ուղեկցող օրենքի նախագծերը, որոնք վերաբերում են զորակոչիկների լրացուցիչ բժշկական հետազոտություններին։ Լադո Կախաձեի կարծիքով` եթե աշակերտը դպրոցում անցնի բժշկական զննում, հետագայում կհեշտանա զինվորական հանձնաժողովների գործը։
Նրա խոսքով` նորամուծության ներդրման դեպքում յուրաքանչյուր աշակերտի ֆիզիկական և մտավոր պատրաստվածության մասին տվյալները կլինեն «բժշկի պատասխանատվության ներքո»։aliq.ge

