Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Կանադան հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել երկրի արտաքին գործերի նախարարությունը:

«Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդն այսօր հայտարարել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին»,- նշված է դիվանագիտական ​​​​գերատեսչության կայքում նոյեմբերի 12-ին հրապարակված մամուլի հաղորդագրությունում:

Սահմանափակումները վերաբերում են 13 ֆիզիկական և 11 իրավաբանական անձանց, այդ թվում՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկային, Գլխավոր հետախուզական վարչության ստորաբաժանումներին, «Գազպրոմ» ընկերության կառույցներին, ինչպես նաև «Կենտրոնական Ասիայի բանկի կապիտալ» (Ղրղզստան) կազմակերպությանը։ Հաղորդվում է, որ պատժամիջոցների ենթարկված անձանցից և կազմակերպություններից մի քանիսը, ենթադրաբար, առնչվում են ռուսական անօդաչու սարքերի արտադրությանը:

Նշվում է նաև, որ պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի կիբերենթակառուցվածքների և գազի արդյունաբերության հետ կապված իրավաբանական անձանց, ինչպես նաև 100 նավերի, որոնք, ըստ Կանադայի ԱԳՆ-ի, պատկանում են ՌԴ, այսպես կոչված, ստվերային նավատորմին։

Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողության մեկնարկից ի վեր Կանադան պատժամիջոցներ է սահմանել ավելի քան երկու հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ներկայացնում են Ռուսաստանը կամ կապված են այդ երկրի հետ։