Վրաստանում կործանված թուրքական ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 19-ի

Վրաստանում կործանված թուրքական ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 19-ի

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտարարել է, որ Սիղնաղիի շրջանում ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է ևս մեկ զոհված թուրք զինվորի մարմին, որի արդյունքում հայտնաբերված զոհերի ընդհանուր թիվը հասել է 19-ի։

Նոյեմբերի 11-ին Ադրբեջանից Թուրքիա թռչող թուրքական ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ վրացական սահմանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել է 20 մարդ։

Ավելի վաղ ողբերգության վայրում հայտնաբերվել էր 18 զոհի մարմին։ Ողբերգության վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են։

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն գտնվում է թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման վայրում։ Նա պարզաբանել է, որ ավելի մանրամասն տեղեկություններ հանրությանը կտրամադրվեն փուլերով՝ թուրքական կողմի հետ խորհրդակցելով։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է սև արկղ, հաղորդում է Sputnik Turkey-ն։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Թռիչքի անվտանգության կամ օդային փոխադրումների շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկանց մահվան անփութության պատճառով»։