
Նոյեմբերի 16-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ Գանձայի «Ջավախք» պարային համույթի հաշվետու համերգը, որի ընթացքում համույթի սաները նաև ներկայացրեցին մեկ տարվա կատարած աշխատանքը։
Համերգին մասնակցում էին Փոկայի «Երասխ», Փարվանայի «Աստղեր» խմբերը, ինչպես նաև Փ․Արագյալի «Էրզրում» համույթը։ Միջոցառմանը ողջունելու էր եկել նաև «Սայաթ-Նովա» երգի անսամբլը։
Պարուսույց Շուշանիկ Լուլուկյանը նշեց, որ համերգը կազմակերպվել է համույթի առաջիկա արձակուրդից առաջ․
«Քանի որ պատրաստվում ենք արձակուրդի, հաշվետու համերգը որոշեցինք անցկացնել հենց գյուղում։ Շնորհակալ եմ բոլորից, իսկ ամենից առաջ՝ իմ երեխաներից, որոնք լիովին արդարացրեցին իմ սպասելիքները։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մշակույթի տան տնօրենին»,- ասաց նա։
Լուլուկյանը շնորհակալություն հայտնեց նաև սաների ծնողներին, տնօրինությանը և բոլոր նրանց, ովքեր մշտապես կանգնած են իրենց կողքին ու աջակցում են յուրաքանչյուր քայլում։
Գանձայի մշակույթի տան տնօրեն՝ Մանուշակ Լուլուկյանը ընդգծեց, որ տարվա ընթացքում մշակույթի տան աշխատանքը եղել է հագեցած ու բեղուն․
«Մեր մշակույթի տանը օրերը շատ հագեցած են անցնում։ Ամբողջ տարվան աշխատանքը ամփոփում ենք այս ամսին։ Չնայած կարճ ժամանակահատվածին՝ պարուսույցները անում են առավելագույնը, չեն խնայում ջանք ու եռանդ, որպեսզի արժանիորեն ներկայանան»,- նշեց նա։
Համույթի սան Լիլիթ Հարությունյանը իր հերթին գոհունակություն հայտնեց համերգից և շնորհակալություն հայտնեց իր պարուսույց Շուշանիկ Լուլուկյանին։
Մանրամասները աուդիոնյութում․
Տեսանյութ․






























