Վրաստանում կործանված C-130-ի «սև արկղը» ուսումնասիրվում է

Վրաստանում կործանված C-130-ի «սև արկղը» ուսումնասիրվում է

Թուրքիայի կառավարական շրջանակներին մոտ կանգնած լրագրող Աբդուլկադիր Սելվին հայտնել է, որ շարունակվում է Վրաստանում կործանված C-130 ռազմական ինքնաթիռի թռիչքային տվյալների ինքնագրիչի՝ «սև արկղի» մանրամասն ուսումնասիրությունը։

Նրա խոսքով՝ հետաքննության շրջանակում վերլուծվում է սարքի գրանցած 180 տեխնիկական պարամետր, որոնք կարող են կարևոր դեր ունենալ կատարվածի իրական պատկերը պարզելու հարցում։

«Սև արկղի տվյալների ուսումնասիրությունն ակնկալվում է ավարտել մինչև շաբաթվա վերջ»,- նշել է Սելվին՝ ընդգծելով, որ մասնագետները շարունակում են համեմատել ինքնագրիչի տեղեկատվությունը դեպքի վայրից ստացված նախնական տվյալների հետ։

Նրա փոխանցմամբ՝ առկա փաստերը այս փուլում շատ ցածր են գնահատում արտաքին միջամտության հավանականությունը, սակայն քննիչները չեն բացառել որևէ սցենար։

«Ինչպես բոլոր հնարավոր վարկածները, այդ տարբերակն էլ ուսումնասիրվում է»,- հավելել է լրագրողը։