
Գիտնականները տեղեկացրել են մսի ալերգիայից մարդու մահվան հավանաբար առաջին՝ փաստերով հաստատված դեպքի մասին, որն առաջացել էր տզերի խայթոցներից հետո։ Խոսքը ալֆա-գալ համախտանիշի մասին է, որը կապված է lone star տզի խայթոցների հետ եւ առաջին անգամ նկարագրվել է 2011թ․։
Մասնագետների գնահատմամբ՝ 2010-ից ավելի քան հարյուր հազար ամերիկացիներ ձեռք են բերել այդպիսի ալերգիա, բայց մինչ այժմ չի գրանցվել դեպք, երբ այն հանգեցրած լիներ մարդու մահվան անմիջապես միս օգտագործելուց հետո։
Journal of Allergy and Clinical Immunology-ում հրապարակված հոդվածում նկարագրված է դեպք Նյու Ջերսիից 47-ամյա օդաչուի հետ, որը մահացել է անցած տարի։ 2024թ. ամռանը նա ընտանիքի հետ մեկնել էր արշավի, եւ ուշ երեկոյան սթեյք է կերել, դա նրա համար անսովոր էր, նա առհասարակ հազվադեպ էր կարմիր միս կերել։ Գիշերը նրա մոտ հանկարծակի որովայնի սուր ցավեր են առաջացել, լուծ եւ փսխուք, բայց առավոտյան վիճակը լավացել է, եւ նա անգամ կարողացել է ոտքով մի քանի կիլոմետր քայլել։
Երկու շաբաթ անց, արդեն տանը, տղամարդը այցելել է բարբեքյու եւ համբուրգեր կերել։ Մոտ չորս ժամ անց նրա վիճակը կտրուկ վատացել է։ Ավելի ուշ նրա որդին նրան գտել է գիտակցությունը կորցրած, եւ, չնայած շտապօգնություն է կանչել, բայց տղամարդուն փրկել չի հաջողվել։ Արյան ուսումնասիրությունը ցույց է տվել ալֆա-գալ համախտանիշի նշաններ։ Հետազոտողների կարծիքով՝ պատճառը տզերի խայթոցներն են եղել։ Տղամարդու կինը հիշել է, որ ամռանն ավելի վաղ ամուսինը 12-13 «խայթոց է ունեցել, որոնք նման են եղել կարմրամարմինների խայթոցների» կոճերի շուրջ։ Երբեմն այդ խայթոցները շփոթում են տզերի թրթուրների խայթոցների հետ, ուստի մասնագետների վարկածը համոզիչ է թվում։
Համախտանիշի ախտանիշներից կարող են լինել եղնջացանը, սրտխառնոցը, փսխումը, լուծը, որովայնի ուժեղ ցավը, գլխապտույտը, շրթունքների եւ կոկորդի այտուցվածությունը եւ շնչառության դժվարությունը: Սննդային ալերգիաների մեծ մասից տարբերվող ռեակցիան զարգանում է մի քանի ժամվա ընթացքում, այլ ոչ թե անմիջապես, ուստի շատ մարդիկ երկար ժամանակ չեն հասկանում իրենց վատ զգալու պատճառը։
Գիտնականներն այս դեպքը համարում են ողբերգություն, որը կարելի էր կանխել ավելի մեծ իրազեկվածության դեպքում: Lone star տզի տարածման շրջանակի ընդլայնումը եւ մարդկանց հետ շփումների աճող թիվը խնդիրը դարձնում են ավելի հրատապ, եւ բուժաշխատողները կոչ են անում ուշադրություն դարձնել ցանկացած անսովոր ռեակցիայի կարմիր միս ուտելուց հետո:

