Ինչ կարծիքի են Նինոծմինդայում բնակիչները սպասվող տուգանքների բարձրացման վերաբերյալ

Ինչ կարծիքի են Նինոծմինդայում բնակիչները սպասվող տուգանքների բարձրացման վերաբերյալ

Վերջին օրերին ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների մեծացման համար։

Նոյեմբերի 19-ին Նինոծմինդայում փորձեցինք պարզել բնակիչների կարծիքները վարչական տուգանքների բարձրացման վերաբերյալ։ Հարցմանը մասնակցեցին 20 քաղաքացիներ։ Ինչպես պարզվեց, թեման այնքան էլ հետաքրքիր չէր։ Մի մասն ասաց, որ վարորդ չեն և հարցը իրենց չի վերաբերում, ոմանք ընդհանրապես տեղյակ չէին փոփոխություններից, իսկ մի մյուս մասն էլ դժգոհեց, որ տուգանքների բարձրացումը նպաստավոր չէ վարորդների համար։

Բնակիչներից մի քանիսը նշեցին, որ նախ պետք է ճանապարհների վիճակը բարելավվի, ապա նոր խոսվի տուգանքների բարձրացման մասին։
«Հետզհետե տուգանքներն ավելացնում են։ Թող նախ ճանապարհները կարգավորեն։ Մարդը կարող է մեքենա նստել ու մի պահ առանց ամրագոտու մնալ, չհասցնի կապել, եւ միանգամից տուգանեն։ Դա ընդունելի չէ»,- ասում է բնակիչներից մեկը։

Մյուսը հավելում է․
«Եթե պետական որոշում է, մենք ինչ կարող ենք անել»։

Թոշակառու վարորդներից մեկը նշեց, որ սոցիալական բեռը առանց այդ էլ մեծ է․
«Հացի փողը չենք հասցնում, կենցաղային խնդիրներ ունենք, հիմա էլ տուգանքները բարձրանան հետո ինչ անենք»։

Մեկ այլ բնակիչ ընդգծեց․
«Ճանապարհները վերանորոգեն, հետո նոր տուգանքներ ավելացնեն»։

Տաքսու վարորդներից մեկը նույնպես դժգոհ էր․ «Տուգանքները շատանում են, մենք ինչ կարող ենք անել։ Իրենք են որոշողները, մենք պետք է վճարենք։ Ճանապարհները վատ են, մեքենաները փչանում են, տեխզննումն էլ իր հերթին, հիմա էլ ավելի բարձր տուգանքներ, վարորդն ինչ անի»։

Մեկ այլ բնակիչ կարծիքն էլ հետևյալն էր․
«Լավ բան չի։ Ամեն ինչ թանկ է, ոչինչ տուգանքների հետ համեմատելի չէ»։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Կարծիքներ տուգանքների թանկացման վերաբերյալ

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը պատրաստել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի համաձայն՝

  • Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը մեծանում է մինչև 100 լարի։ Միաժամանակ, այս խախտման համար վարորդական իրավունքին տրվող միավորների քանակը կնվազի 20 միավորով։
  • Արագության սահմանաչափը 15 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 40 կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանքը 50-ից մեծանում է մինչև 100 լարի։
  • Վարորդի կամ ուղևորի կողմից տրանսպորտային միջոց վարելիս անվտանգության գոտի չօգտագործելու համար տուգանքը մեծանում է մինչև 50 լարի։ Միաժամանակ, այս խախտման համար վարորդական իրավունքին տրվող միավորների քանակը կնվազի 10 միավորով։
  • Վարորդի կողմից տրանսպորտային միջոց վարելիս բջջային հեռախոս օգտագործելու համար տուգանքը մեծանում է մինչև 50 լարի։
  • Թբիլիսիի նման, կայանման կանոնները խախտելու համար տուգանքը Քութայիսիի, Բաթումիի, Մցխեթայի, Ռուսթավիի, Գորիի, Թելավիի, Փոթիի, Զուգդիդիի մունիցիպալիտետներում և Վրաստանի հանգստավայրերում կբարձրանա մինչև 50 լարի։
  • Բացի այդ, պատասխանատվություն է սահմանվում ավտոբուսային գոտում միկրոավտոբուսից բացի ցանկացած այլ տրանսպորտային միջոցի երթևեկության հակառակ ուղղությամբ երթևեկելու համար, ինչը կհանգեցնի 200 լարի տուգանքի։
  • Նաև նոր խախտում է սահմանվում տրանսպորտային միջոցի կանգառը մայթեզրին կամ հետիոտնային անցման վրա, ինչը կհանգեցնի 100 լարի տուգանքի։ Միաժամանակ, այս խախտումը կատարելու դեպքում, եթե օրենքով սահմանված պայմանները բավարարվում են, տրանսպորտային միջոցը ենթակա է տեղափոխման հատուկ պահպանվող կայանատեղի։


Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթն արդեն ներկայացվել է Վրաստանի խորհրդարան։