
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ երկաթուղային բեռնափոխադրումների ընդհանուր ծավալի 9,5%-ը բաժին է ընկել երկրի ներսում իրականացված փոխադրումների վրա։ Միջազգային բեռնափոխադրումները կազմել են 32,4%, իսկ ամենամեծ բաժինը՝ 58,1%-ը, եղել է տարանցիկ բեռներինը։
Զեկույցում նշվում է, որ դիտարկվող ժամանակահատվածում Վրաստան երկաթուղային ճանապարհով ներմուծված բեռների 32%-ը եկել է Ադրբեջանից, իսկ 29,1%-ը՝ Ռուսաստանից։ Նախորդ եռամսյակի համեմատ Ադրբեջանի բաժինը աճել է 1,7 տոկոսային կետով, ինչը, ըստ փորձագետների, պայմանավորված է տարածաշրջանի տարանցիկ հոսքերի ակտիվացմամբ։
Առաքված բեռների կառուցվածքում ամենախոշոր բաժինը՝ 37,7%, կազմել են կոքսը (բարձր ամրությամբ արհեստական պինդ վառելանյութ) և վերամշակված նավթամթերքները։ Դրանց հաջորդում են քիմիական արտադրանքը, սինթետիկ թելերը, ռետինե ու պլաստմասսա արտադրատեսակները՝ 20,6% ցուցանիշով։ Երկրաբանական արդյունաբերության հետ կապված ապրանքները բեռնափոխադրումների ընդհանուր ծավալի 12,6%-ն են կազմել։

