Մինչև երեխայի 6 տարեկան դառնալը ընտանիքը կստանա ամսական 50 հազար դրամ

Մինչև երեխայի 6 տարեկան դառնալը ընտանիքը կստանա ամսական 50 հազար դրամ

Կառվարությունը փոփոխություն է կատարում ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական աջակցության ծրագրում, որը ուժի մեջ էր մտել 2022 թվականի հունվարի մեկից և ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին, այսինքն այս տարվա վերջում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20–ին, կառավարության նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր հետազոտությունները և վերլուծությունները և նաև միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման աջակցության ծրագրերը ամենակարևոր ժողովրդագրական աջակցության ծրագրերից են, որոնք նպաստում են ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների ծննդին և աջակցում են ընտանիքներին երկարատև ժամանակ, մեր դեպքում մինչև վեց տարեկան։

Հիմա առաջարկում ենք այս աջակցության ծրագիրը իր ավարտից հետո վերածել մշտական պետական նպաստի, որը կտրվի նույն տրամաբանությամբ, այսինքն երրորդ և հաջորդ երեխային 50.000 դրամի չափով մինչև վեց տարեկան։

Բայց միանգամից ուզում եմ հավելել, որ հաշվի առնելով, որ այս դեպքում էլ մենք ունենք հետվճարի մեխանիզմ, ըստ էության մեր նոր 20% դրույքաչափվ, որը հունվարի մեկից կմտնի, սա նույնպես դառնում է 60,000 դրամ, այսինքն ընտանիքները կարող են ստանալ 60,000 դրամ, 50,000-ի փոխարեն՝ հետվճարի մեխանիզմով, անկանխիկ առևտրի դեպքում։

Վեց տարում գումարային մեկ երեխային տրվող նպաստի չափը մոտավորապես կազմում է 4.320.000 դրամ»,–ասաց նա։

Նախարարը տեղեկացրեց, որ այս ծրագրով վերջին տվյալներով հոկտեմբերի դրությամբ արդեն աջակցություն ստանում է 38.816 երեխա. «Մենք մինչ օրս ծախսել ենք սրա վրա 51 միլիարդ 840 միլիոն դրամ։ Սա բավական լայնածավալ, բավական մասշտաբային ծրագիր է և առաջարկում ենք այն դարձնել մշտական»։