
Վիետնամում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն տասնվեցի, ևս հինգ մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հաղորդում է Vietnam News-ը՝ հղում անելով Վիետնամի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությանը։
Հինգշաբթի օրը նահանգային ժողովրդական կոմիտեն արտակարգ դրություն է հայտարարել սողանքների և ջրհեղեղների ավերիչ հետևանքների պատճառով: Վիետնամի պաշտպանության նախարարությունը որոնողական-փրկարարական աշխատանքների համար ներգրավել է երկու ՄԻ-171 ուղղաթիռ:
Ավելի քան քառասուներեք հազար տուն հեղեղվել է, իսկ կես միլիոնից ավելի տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Աղետը նաև զգալի վնաս է հասցրել Վիետնամի տնտեսությանը՝ ոչնչացնելով ավելի քան տասը հազար հեկտար բրնձի և այլ հացահատիկային մշակաբույսերի դաշտեր։ Մոտ 6500 գլուխ անասուն և թռչուն սատկել է կամ ջրի տակ մնացել:

