
Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում յուրաքանչյուր հինգ երեխայից ավելի քան մեկը, այն է՝ 417 միլիոն երեխա, զրկանքներ ունի առնվազն երկու կենսական ոլորտում, ինչը վճռորոշ է նրանց առողջության, զարգացման և բարեկեցության համար, ասվում ՅՈւՆԻՍԵՖ-ի ամենամյա հեղինակային զեկույցում, որը հրապարակվել է այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը:
«Երեխաների վիճակն աշխարհում 2025 թ.՝ մանկական աղքատությունը վերացնելը մեր համընդհանուր պարտավորությունն է» զեկույցը հիմնված է 130-ից ավելի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների տվյալների վրա, որը գնահատում է երեխաների բազմաչափ աղքատությունը՝ վեց զրկանքների հիման վրա՝ կրթություն, առողջապահություն, կացարանային պայմաններ, սնունդ, սանիտարահիգիենիկ պայմաններ և ջուր։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ 118 միլիոն երեխա երեք կամ ավելի զրկանք ունի, իսկ 17 միլիոն երեխա՝ չորս կամ ավելի։
«Աղքատության մեջ մեծացող և սնունդ, պատշաճ սանիտարահիգիենիկ կամ կացարանային պայմաններ չունեցող երեխաները կանգնում են առողջության և զարգացման համար կործանարար հետևանքների առջև», – ասել է ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։ «Այսպես չպետք է լինի։ Երբ կառավարությունները հանձնառություն են ստանձնում վերացնելու մանկական աղքատությունը և իրականացնում են արդյունավետ քաղաքականություններ, նրանք երեխաների համար կարող են ստեղծել հնարավորություններով լեցուն մի ամբողջ աշխարհ»։
Մեկ կամ մի քանի ծանր զրկանք ունեցող երեխաների մասնաբաժինը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում նվազել է 51 տոկոսից (2013 թ.) մինչև 41 տոկոս (2023 թ.), հիմնականում ազգային քաղաքականություններում ու տնտեսական ծրագրերում երեխայի իրավունքներին առաջնահերթություն տալու շնորհիվ։ Սակայն առաջընթացը սկսել է հապաղել։ Հակամարտությունները, կլիմայական և բնապահպանական ճգնաժամերը, ժողովրդագրական փոփոխությունները, պետական պարտքի աճը և տեխնոլոգիական անհավասարությունները խորացնում են իրավիճակը։
Բազմաչափ աղքատության ամենաբարձր մակարդակն առկա է Ենթասահարյան Աֆրիկայում և Հարավային Ասիայում։ Ամենատարածված ծանր զրկանքը սանիտարահիգիենիկ պայմաններն են. ցածր եկամուտ ունեցող երկրներում երեխաների 65 տոկոսին հասանելի չէ զուգարանը, ցածր-միջին եկամուտ ունեցող երկրներում՝ 26 տոկոսին, իսկ միջին-բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ 11 տոկոսին։
Զեկույցը դիտարկում է նաև դրամական աղքատությունը, որն է՛լ ավելի է սահմանափակում սննդի, կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիությունը երեխաների համար։ Վերջին տվյալներով՝ աշխարհում երեխաների ավելի քան 19 տոկոսը ապրում է ծայրահեղ դրամական աղքատության մեջ՝ գոյատևելով օրական 3 ԱՄՆ դոլարից պակաս գումարով։ Այս երեխաների մոտ 90 տոկոսն ապրում է Ենթասահարյան Աֆրիկայում և Հարավային Ասիայում։
Զեկույցում առկա է նաև բարձր եկամուտ ունեցող 37 երկրի վերլուծություն, որը ցույց է տալիս, որ մոտ 50 միլիոն երեխա՝ այդ երկրների երեխաների 23 տոկոսը, ապրում է հարաբերական դրամական աղքատության մեջ։ Դա նշանակում է, որ նրանց ընտանիքների եկամուտը երկրի մեծ մասի ընտանիքների եկամուտից զգալիորեն ցածր է, ինչը կարող է սահմանափակել նրանց լիարժեք առօրյան։
«Երեխաների վիճակն» աշխարհում զեկույցն ընդգծում է, որ մանկական աղքատության վերացումը հնարավոր է, և կարևորում է երեխայի իրավունքերին առանցքային դեր տալու անհրաժեշտությունը, ինչպես ներկայացված է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայում, բոլոր այն ռազմավարությունների, քաղաքականությունների և գործողությունների մեջ, որոնք ուղղված են աղքատության նվազեցմանը։ Դրանք ներառում են՝
Ընդլայնել անհատական և հանրային հիմնաքարային ծառայությունների՝ կրթության, առողջապահության, ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների, սնուցման և կացարանների ապահովման հասանելիությունը։
Խթանել արժանապատիվ աշխատանք ծնողների և խնամակալների համար՝ ամրապնդելով նրանց տնտեսական կայունությունը, որը սերտորեն կապված է երեխաների զարգացման հետ։
Զեկույցը հրապարակվում է մի ժամանակահատվածում, երբ բազմաթիվ կառավարություններ աշխարհում կրճատում են հասարակական սեկտորի արտաքին աջակցությունը։ Համաձայն «The Lancet»-ի տվյալների, զարգացման ծրագրերին ուղղված աջակցության կրճատումները կարող են հանգեցնել 5 տարեկանից ցածր 4.5 միլիոն երեխայի մահվան մինչև 2030 թվականը: Միևնույն ժամանակ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին գնահատականները ցույց են տալիս, որ այդ կրճատումները կարող են հանգեցնել նրան, որ արդեն հաջորդ տարի լրացուցիչ վեց միլիոն երեխա կզրկվի դպրոց հաճախելու հնարավորությունից։

