
Ռուսաստանի Դաշնության դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթեցման գործով անցնող 8 մեղադրյալների համար։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Հարավային շրջանային ռազմական դատարանի (նստավայրը՝ Դոնի Ռոստով) մամուլի ծառայությանը։
Այս գործով դատավարությունը սկսվել էր փետրվարին։ Այն ընթանում է փակ ռեժիմով։ Պաշտպանական կողմը հանդես կգա հոկտեմբերի 30-ին։
Ընդհանուր առմամբ, գործով անցնում է 13 մարդ, որոնք Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են։ Նրանցից 8-ը կալանավորված է։
Մեղադրյալներ Արտեմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինան, Վլադիմիր Զլոբը, Դմիտրի Տյաժոլին, Ռոման Սոլոմկոն և Արթուր Թերջանյանը մեղադրվում են ահաբեկչության իրագործման ու զենքի ապօրինի շրջանառության մեջ։ Սոլոմկոն և Թերջանյանը մեղադրվում են նաև պայթուցիկ նյութերի մաքսանենգության մեջ։ Ռուսական կողմը ահաբեկչության կազմակերպիչ համարում է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին։
Մեղադրյալները չեն ընդունում իրենց վերագրվող մեղքը։ BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով մեղադրյալների փաստաբաններին, գրել է, որ նրանք «սովորական մարդիկ են, որոնք հայտնվել են ոչ ճիշտ վայրում, ոչ ճիշտ ժամանակին»։
Ազատյաններն ու Թերջանյանը
Մեղադրյալի կարգավիճակ ունեցող բոլոր անձինք այս կամ այն կերպ կապ են ունեցել թաղանթների այն խմբաքանակի հետ, որտեղ թաքնված են եղել պայթուցիկները։ Ռուսական կողմի պնդմամբ՝ շինարարական պոլիէթիլենային ժապավենով թաղանթներն ի սկզբանե Օդեսայից ուղարկվել են Բուլղարիա, այնտեղից՝ վրացական Փոթի քաղաք։ Փոթիից բեռը ցամաքային ճանապարհով հասել է Հայաստան, որտեղ մաքսազերծվել է, այնուհետ ցամաքային ճանապարհով տարվել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաք։ Այնտեղ թաղանթները բեռնաթափվել են պահեստներից մեկում, ապա բարձվել մեկ այլ բեռնատարի մեջ, որը և պայթել էր Ղրիմի կամրջի վրա։
Վրացական Փոթի նավահանգստից Արմավիր բեռնատարը վարել է 37-ամյա Արթուր Թերջանյանը, որը ՀՀ քաղաքացի է ու կնոջ և երկու երեխաների հետ բնակվում է Վրաստանի Ախալքալաք քաղաքում։ Պատվերը վրացական կազմակերպությունը, որի հետ համագործակցում էր Թերջանյանը, Viber-ով վերցրել է բեռնափոխադրումներով զբաղվող չաթերից մեկից, ինչը բավականին տարածված պրակտիկա է այդ երկրում։ Հիմա ռուսական կողմը Թերջանյանին մեղադրում է «հանցավոր խմբի մյուս անդամների հետ համաձայնության գալու և պայթուցիկ նյութերը տեղափոխելու մեջ»։ Նրա փաստաբան Գիվի Բեկաուրին հերքում է այդ մեղադրանքը ու նշում, որ հայազգի վարորդն ուղղակի կատարել է իր սովորական աշխատանքը՝ Ա կետից Բ կետ տեղափոխելով ապրանքը։ Փաստաբանի խոսքով՝ Թերջանյանի փոխարեն կարող էր լինել մեկ այլ վարորդ։ Փաստաբանների մոտ նաև զարմանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես կարող էր պայթուցիկ նյութը անցնել երեք երկրների՝ Բուլղարիայի, Հայաստանի ու Վրաստանի տարածքներով, ու մաքսային ծառայությունները չնկատեին։ Այս երեք երկրները պնդում են, որ բեռներն անցել են նախատեսված մաքսային բոլոր ընթացակարգերը։
Թերջանյանն Արմավիր է հասել հոկտեմբերի 6-ի առավոտյան։ Այնտեղ թաղանթները բեռնաթափվել են, ու վարորդը դրանց հետ որևէ այլ գործ չի ունեցել։ Մեկ օր անց է կացրել Պյատիգորսկում, այնուհետեւ էլեկտրոնային հերթ կանգնել «Վերին Լարս» անցակետում, որտեղ 5-6 օր պետք է սպասեր։ Փաստաբանը պնդում է, որ եթե նա իմանար, որ պայթուցիկներ է տեղափոխել, վաղուց կազատվեր այդ մեքենայից։ Այդ ընթացքում նա այցելել է նաև Հյուսիսային Օսիայի իր բարեկամին ու հոկտեմբերի 9-ին զանգ ստացել հատուկ ծառայությունների աշխատակիցներից։ Ինքնակամ ներկայացել է նրանց հետ հանդիպման։ Փաստաբանի խոսքով՝ 4-5 օր չի իմացել, թե իրեն ինչի են հրավիրել։ Հարցաքննությունից հետո նրան տեղափոխել են Սիմֆերոպոլ, սակայն չեն ձերբակալել՝ ասելով, որ հեռու չգնա։ Նա երկու օր իր հաշվին ապրել է Սիմֆերոպոլի հյուրանոցներից մեկում։ Հոկտեմբերի 13-ին ձերբակալվել է։
Այդ շրջանում լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ այս նույն երթուղով ավելի վաղ ևս մեկ բեռ էր անցել։ Արմավիրի «Агро-бизнес» պահեստի տնօրեն Գեորգի Ազատյանի ու նրա կրտսեր եղբոր՝ Արտեմ Ազատյանի հայրը «Московский Комсомолец»-ին տված հարցազրույցում նշել է, որ սեպտեմբերին իրենց պահեստում բեռնաթափել են մի բեռ, որն ավելի ուշ շարժվել է դեպի Խերսոն։ «Բոլոր փաստաթղթերը կարգին էին, դրանք ստուգվել են նաև ճանապարհին, այն բարեհաջող տեղ էր հասել»,- հայտարարել էր ավագ Ազատյանը։
Ազատյան եղբայրները ևս մեղադրյալի աթոռին են։ Ռուսական կողմի պնդմամբ՝ նրանցից մեկը, իբր, եղբորը խնդրել է հոկտեմբերի 6-ին և 7-ին պահեստում տեղ հատկացնել պայթուցիկ սարքավորումերի բեռնաթափման համար, իսկ մյուսը համաձայնել է։ Երկու եղբայրները ևս ինքնակամ ներկայացել են քննչական մարմին։ «Գիշերը զանգեցին և ասացին, որ անհապաղ գանք Սիմֆերոպոլ՝ Ղրիմի հետաքննչական վարչություն»,- ասել էր նրանց հայրը։ Ինչպես Թերջանյանը, Ազատյան եղբայրները ևս մի քանի օր մնացել են հյուրանոցում ու ձերբակալվել օրեր անց։
Ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր Ղրիմի կամուրջը, որը կառուցվել է թերակղզին Ռուսաստանի կողմից բռնակցվելուց հետո Կերչի նեղուցի վրա, երկու անգամ ենթարկվել է հարձակման։
2022 թվականի հոկտեմբերին կամրջի վրա պայթել էր պայթուցիկներ տեղափոխող բեռնատարը, ինչի պատճառով վնասվել էր ավտոճանապարհի մի քանի հատված։ Մահացել էին բեռնատարի վարորդն ու հարեւան մեքենայի չորս ուղեւորները։
2023 թվականի հուլիսին էլ կամրջի վրա հարձակվել էին ծովային անօդաչուները։ Երկու դեպքից հետո էլ կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր։
Ղրիմի կամրջի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Ուկրաինայի անվտանգության ծառաությունը։
Նյութի սկզբնաղբյուր hetq.am

