Բրազիլիայում հավանություն են տվել դենգե տենդի դեմ աշխարհում առաջին մեկանգամյա պատվաստանյութին

Բրազիլիայում հավանություն են տվել դենգե տենդի դեմ աշխարհում առաջին մեկանգամյա պատվաստանյութին

Բրազիլիայի իշխանությունները չորեքշաբթի օրը հավանություն են տվել Դենգեի տենդի դեմ աշխարհում առաջին մեկանգամյա պատվաստանյութին, որը նրանք անվանել են «պատմական» ձեռքբերում, քանի որ մոծակների միջոցով փոխանցվող հիվանդության դեպքերն աճում են ամբողջ աշխարհում ջերմաստիճանի բարձրացման պատճառով, հայտնում է AFP-ն։

Դենգեի տենդը, որը հայտնի է գրիպանման ծանր ախտանշաններով, ուժեղ հոգնածությամբ և մարմնի ցավերով, 2024 թվականին հասել է համաշխարհային ռեկորդային մակարդակի և հետազոտողները դրա տարածումը կապում են կլիմայի փոփոխության հետ։ Բրազիլիայի առողջապահության կարգավորման գործակալությունը (ANVISA) թույլատրել է Սան Պաուլուի Բութանտան ինստիտուտի կողմից մշակված «Բութանտան-ԴՎ» պատվաստանյութի օգտագործումը 12-ից 59 տարեկան մարդկանց համար։

Ներկայումս դենգեի դեմ աշխարհում առկա միակ պատվաստանյութը TAK-003-ն է, որը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), պահանջում է երեք ամսվա ընդմիջումով երկու դեղաչափի ներարկում։ Մեկանգամյա դեղաչափը, որը մշակվել է Բրազիլիայով մեկ անցկացված ութ տարվա փորձարկումներից հետո, թույլ կտա արագացնել և պարզեցնել պատվաստումների քարոզարշավների իրականացումը։

Նոր պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ընթացքում, որոնց մասնակցել են ավելի քան 16 000 կամավոր, 91,6% արդյունավետություն է ցույց տվել դենգեի տենդի ծանր ձևի դեմ։ Իր տհաճ ախտանշանների պատճառով այն ստացել է «ոսկրային տենդ» անվանումը։ Ծանր դեպքերում այն կարող է հանգեցնել հեմոռագիկ տենդի և մահվան։

Այն փոխանցվում է Aedes վարակված մոծակներով, որոնք տարածվել են իրենց բնակության սովորական վայրերից դուրս, ինչը Եվրոպայում կամ ԱՄՆ-ի որոշ հատվածներում հանգեցրել է դենգեի դեպքերի առաջացմանը, որտեղ դրանք սովորաբար չէին հանդիպում։

Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ 2024 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է ավելի քան 14,6 միլիոն դեպք և գրեթե 12 000 մահվան դեպք, ինչը ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այդ մահերի կեսը տեղի է ունեցել Բրազիլիայում։

2024 թվականին ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի հետազոտողները հրապարակեցին մի ուսումնասիրություն, որտեղ հաշվարկվել էր, որ գլոբալ տաքացումը դարձել է այդ տարվա դենգեի դեպքերի 19%-ի պատճառը։ Բրազիլիան համաձայնություն է ձեռք բերել չինական WuXi Biologics ընկերության հետ՝ 2026 թվականի երկրորդ կիսամյակում մոտ 30 միլիոն դոզա պատվաստանյութ մատակարարելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարար Ալեքսանդր Պադիլյան։