
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կանխարգելման գործակալության ներկայացուցիչները անցկացրել են Եվրամիության երկրներում առանց կեցության իրավունքի բնակվող Վրաստանի քաղաքացիների վերադարձի մոնիթորինգ: Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը:
Օմբուդսմենի գրասենյակից տեղեկացնում են, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանից մոնիթորինգի խմբերը մեկնել են գերմանական Հաննովերի և հունական Աթենքի օդանավակայաններ, ուր ներկա են գտնվել ԵՄ երկրներից 63 քաղաքացիների վերադարձի գործընթացին:
Ըստ նույն տեղեկատվության՝ քաղաքացիների ստուգման, տեղափոխման գործընթացն անցել է առանց միջադեպերի, հատուկ միջոցներ չեն գործադրվել: Գործընթացը կարգավորում է Եվրամիության անդամ երկրների սահմանային և առափնյա հսկողության գործակալությունը (Frontex):