12-րդ դասարանի չեղարկումը չի տարածվի մասնավոր դպրոցների վրա

12-րդ դասարանի չեղարկումը չի տարածվի մասնավոր դպրոցների վրա

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 26-ին խորհրդարանի իր ելույթում հայտարարել է, որ մասնավոր դպրոցները հնարավորություն կունենան պահպանելու 12-րդ դասարանը, իսկ հանրային դպրոցները կանցնեն 11-ամյա կրթական համակարգի։

«Հանրակրթական ծրագրի բովանդակությունը պետք է վերանայվի, ավարտական ​​տարվա ծրագիրը պետք է հարմարեցվի ընդունելության քննությունների պահանջներին, և եթե նպատակներին հասնելու համար անհրաժեշտ չէ սովորել 12 տարի, ապա, իհարկե, ավելի լավ է անցնել 11 տարվա։

Այս պահանջը չի վերաբերի մասնավոր դպրոցներին, և նրանք կկարողանան պահպանել 12-ամյա ծրագիրը։ Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցներին, եթե այստեղ որևէ մեկը նույնպես ցանկանում է ավարտել 12-րդ դասարանը, որպեսզի հեշտությամբ շարունակի ուսումն արտասահմանում, այդ նպատակով տարբեր քաղաքներում կստեղծվեն հատուկ դասարաններ, և աշակերտներն արհեստական ​​խոչընդոտների չեն հանդիպի», — ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ այսօր կրթական համակարգում դժվարին, անբարենպաստ իրավիճակ է, «մակարդակն անբավարար է»։ Հետևաբար, պետք է իրականացվեն հիմնարար փոփոխություններ՝ երկրում եվրոպական մակարդակի կրթական համակարգ ստեղծելու համար։

«Մենք կարող ենք որակական փոփոխությունների հասնել 4 տարվա ընթացքում», — ասել է Կոբախիձեն։