
ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության պետ գնդապետ Գալստյանը հայտնել է, որ շենքը պահեստամաս է եղել, և այնտեղ փլուզում է տեղի ունեցել։ Կանչը ստացվել է այսօր ժամը 10։13-ին, և արձագանքող խմբերը նույն ժամին գտնվել են դեպքի վայրում։ Հետախուզության ընթացքում արձանագրվել է գազի արտահոսք, որը հետագայում դադարեցվել է։
Գալստյանի խոսքով՝ կողքի մասնաշենքի աշխատակիցները տարահանվել են, իրականացվել է տարածքի սահմանազատում։ Փլուզման հետևանքով եղել է մեկ տուժած, որը ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է։ Նա նշել է, որ տուժածը գտնվել է դրսում, իսկ ներսում տուժածներ չեն եղել։ Գալստյանը հավելել է, որ տարածքը սննդի պահեստամաս է հանդիսացել։
Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ փլատակներում մարդիկ մնացած լինեն, Գալստյանը պատասխանել է, որ փրկարար ծառայության հետախուզությունից հետո նաև կինոլոգիական խմբերը են աշխատել, և որևէ բան չեն հայտնաբերել։ Նրա խոսքով՝ տնօրենի հայտարարության համաձայն, տարածքից բոլորը տարհանված են։ Նա նշել է, որ նախնական վարկած դեռևս չկա, քանի որ փլուզման պատճառների վերաբերյալ պետք է խոսեն համապատասխան փորձագիտական ծառայությունները։ Տեղում անվտանգության աշխատակիցները շարունակում են ապահովել անվտանգությունը։
Հիշեցնենք որ Դեկտեմբերի 1-ին, ժամը 10։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբերը։
Ըստ նախնական տվյալների մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը (տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը)․ կա տուժած։

