Զակից մինչև «Միսս Հայաստան 2025»․ Անուշ Աղաբալյանի պատմությունը

Զակից մինչև «Միսս Հայաստան 2025»․ Անուշ Աղաբալյանի պատմությունը

Անուշ Աղաբալյանը ծնվել և մեծացել է Ախալքալաքի շրջանի Զակ գյուղում։ Ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը՝ նույն տարում ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի նախապատրաստական կուրսը։

Ինչպես յուրաքանչյուր ուսանող, նա ևս բախվել է բազմաթիվ դժվարությունների, լեզվին ոչ ամբողջովին տիրապետելը, գյուղից մեծ քաղաք տեղափոխվելը, նոր միջավայրին հարմարվելու պատասխանատվությունը։ Այս ամենը հաճախ ուժեղ ճնշում է ստեղծել Անուշի համար։

«Եղել են պահեր, երբ մտածել եմ, որ գուցե չեմ կարողանա առաջ գնալ կամ որ ինձ մոտ ինչ–որ բան չի ստացվի։ Բայց ես միշտ փորձել եմ ապավինել ոչ միայն սեփական գիտելիքներիս ու աշխատասիրությանը, այլև Աստծո ողորմությանը։ Ժամանակի ընթացքում ամեն բան իր տեղը ընկավ, և ես հասկացա, որ յուրաքանչյուր հաջողության հետևում անպայման կան հիասթափություններ, ձախողումներ և փակված դռներ, որոնք մարդուն դարձնում են ավելի փորձառու ու ուժեղ»,- ասում է Անուշը։

Անուշ Աղաբալյանը արժանացել է «Միսս Հայաստան 2025» տիտղոսին։ Նա ճանաչվել է 400 մասնակիցներից ամենագեղեցիկը։

Նա նաև խոսեց իր մոդելային ասպարեզի դժվարությունների ու հաջողությունների մասին։ Անուշը ասում է, որ մոդելային աշխարհը միայն գեղեցիկ լուսանկարներ, կամ բեմի փայլ չէ։ Այն ունի իր դժվարությունները, որոնք շատերը չեն տեսնում։

«Բարձր մրցակցություն՝ որտեղ յուրաքանչյուր քայլ պահանջում է վստահություն և ինքնակարգապահություն, քննադատություն՝ երբեմն արդարացի, երբեմն՝ ոչ, բայց միշտ ստիպող զարգացման, ժամանակի խիստ սահմանափակումներ, փորձեր, նկարահանումներ և մշտական հոգեբանական ճնշում, արտաքին տեսքի պահպանման պահանջներ, որոնք պահանջում են մեծ կամք և աշխատանքի ռեժիմ»,- ասում է մոդելը։

Այդ ամենը երբեմն կարող է հոգնեցնել, կասկածներ առաջացնել, բայց հենց այդ դժվարություններն են ձևավորում ուժեղ ու ճկուն մարդուն հավելում է Անուշը։

Անուշ Աղաբալյանը պատմեց ինչպես դժվարությունների, այնպես էլ հաջողությունների մասին՝ ընդգծելով, որ բեմ դուրս գալու վստահությունը, նոր համագործակցությունների հնարավորությունները, միջազգային և տեղական նախագծերում մասնակցությունը, մարդկանց գնահատանքը, և ամենակարևորը՝ այն գիտակցությունը, որ իր ներկայությամբ կարող է ազդեցություն ունենալ, ոգեշնչել և արժանապատվորեն ներկայացնել հայ աղջկա կերպարը, …. կարևոր քայլեր են իր ուղու մեջ։

Անուշ Աղաբալյանը ուսման հետ մեկտեղ ունի շատ նախասիրություններ, սիրում է զբաղվել երգով, հաճախում է ռուսերենի պարապմունքների և նկարչության։ Նա նաև սիրում է սիրում է տարբեր ուտեստներ պատրաստել։

Անուշը երիտասարդներին խորհուրդ է տալիս, որ ոչ ոք չվախենա ձախողումներից։ Փակված դռները երբեք վերջ չեն։ Խնդիրները լավագույն ուսուցիչներն են և հենց դրանք են ապագա հաջողության հիմքը։