
NOR ռադիոկայանը բազմիցս է լուսաբանել և կրկին անդրադարձել նոյեմբերի 25-ին, որ Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասում նոր կառուցվող մանկապարտեզը մինչ այսօր մնում է անավարտ, իսկ պատճառները հայտնի չեն։
Աշխատանքների դադարեցման պատճառները, դրանց վերսկսման ժամկետները և մանկապարտեզի ավարտման հնարավոր ժամկետը պարզելու նպատակով պաշտոնական նամակ էինք հղել ՍՍԻՊ «Մունիցիպալ զարգացման հիմնադրամին»։
ՍՍԻՊ Մունիցիպալ զարգացման հիմնադրամը իր նամակում գրել է․ «Շինարարական ընկերությունը չի կարողացել կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Հետևաբար, հիմնադրամը որոշում է ընդունել դադարեցնել պայմանագիրը։
Համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո Մունիցիպալ զարգացման հիմնադրամը կհայտարարի կրկնակի տենդեր։
Տվյալ պայմանագրի մասին տեղեկատվությունը բաց է, և դուք կարող եք այն գտնել պետական գնումների պաշտոնական կայքում՝ **www.procurement.gov.ge**։»,- գրված է նամակում։
Նշենք, որ Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի նոր մանկապարտեզի կառուցումը մեկնարկել է 2024 թվականի հունիս ամսից։ 2022 թվականին Նինոծմինդայի քաղաքապետարանի մասնագետները ուսումնասիրել էին Ճոճաշեն թաղամասի Բաղրամյան փողոցում գտնվող նախկին մանկապարտեզի շենքը։ Դրանից հետո որոշում էր կայացվել շենքը քանդելու և նույն վայրում նոր մանկապարտեզ կառուցելու համար։
NOR ռադիոկայանի նախորդ հրապարակումներում նշվել է, որ նոր մանկապարտեզը նախատեսված է 150 երեխայի համար, իսկ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 3,800,000 լարի։
Շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունն է «Մշենջգուփի»-ն։

