Մահացել է ականավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը

Մահացել է ականավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը

72 տարեկանում մահացել է ականավոր վիրաբույժ, պլաստիկ վիրաբույժ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Կորուստը մեծ է համալսարանական ընտանիքի համար։

«Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյան ղեկավարած թիմի շնորհիվ մի շարք բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ կատարվել են հսկայական աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ:

1984 թվականից Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի աշխատանքները ներկայացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, մի շարք այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ:

Պացիենտներն էլ ոչ միայն Երևանից են ու մարզերից, այլև տարբեր աշխարհամասերից:

Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարել է շուրջ 50 հազար վիրահատություն»,- գրել է Մուրադյանը:

Արտավազդ Սահակյանը ծնվել է 1953 թվականի փետրվարի 22-ին, Նոյեմբերյանի շրջանի Կողբգյուղում։ 1969-1975 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1982-1984 թթ. ուսանել է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկական օրդինատուրայում։ 1989 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ոտնաթաթը որպես դաստակի վերականգնման համար ազատ տրանսպլանտատների դոնորային զոնա» թեմայով, Մոսկվայի բժշկական ինստիտուտի գիտական խորհրդի և ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողովի խրախուսական պատվոգրով՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Վերապատրաստվել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում: