
Փոքրիկ աղջնակը, ով սովորում էր Աշուղ Ալիք-Ջավախքի հիմնած պարային խմբում, որը տարիներ անց սովորեց այլ մասնագիտություն և վերադարձավ հայրենիք, այսօր արդեն ճանաչված ու սիրելի պարուսույց է․ Ֆլորա Մակարյանը, շարունակելով պարի հանդեպ սերը, կարողացավ հասնել ամենաբարձր գնահատանքին՝ արժանանալով «Վաստակավոր պարուսույց» կոչմանը։
Ֆլորա Մակարյանը ծնվել է 1990 թ. դեկտեմբերի 3-ին Ախալքալաքի Կորխ գյուղում, սակայն մշտական բնակություն է հաստատել Ախալքալաքում։ Սովորել է Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան №1 հանրային դպրոցում։
10 տարեկանից Ֆլորան սկսել է հաճախել պարի խմբակ Ախալքալաքի մշակույթի տանը՝ Աշուղ Ալիք-Ջավախքի հիմնած պարային խմբում։ Նա եղել է առաջին սաներից և արդեն փոքր հասակից աչքի է ընկել իր տաղանդով՝ դառնալով խմբի մենապարուհիներից մեկը։

Ֆլորան նշում է, որ տարիների ընթացքում մասնակցել են բազմաթիվ մրցույթների և փառատոների տարբեր երկրներում, որոնցում իրենց խումբը մշտապես արժանացել է բարձր գնահատականների, կոչումների, մեդալների և դիպլոմների։
«Լամարա և Ալիք Քսպոյանների սան լինելը իմ համար մեծագույն պատիվ է»,- ընդգծում է նա։
10 տարի պարով զբաղվելուց հետո, դպրոցն ավարտելով՝ Ֆլորան որոշում է ստանալ մեկ այլ մասնագիտություն իր մայրիկի խորհրդով։
«Մասնագիտությունս ընտրել եմ մայրիկիս խորհրդով։ Նա շուրջ 15 տարի աշխատել է որպես բուժքույր և խորհուրդ տվեց շարունակել կրթությունս բժշկության ոլորտում»,- ասում է Ֆլորան։
2008 թվականին նա ընդունվում է Երևանի պետական բժշկական քոլեջի Դեղագործության բաժինը։ Ավարտելուց հետո վերադառնում է հայրենի Ախալքալաք։ Շուտով նա ստանում է առաջարկություն աշխատել պարի ոլորտում՝ որպես պարուսույց։

«Քանի որ պարը մեծ դեր ուներ իմ կյանքում, մեծ սիրով ընդունեցի առաջարկը»,- ասում է Ֆլորան։
Ալիք Քսպոյանի նախաձեռնությամբ Կորխ գյուղում բացվում է պարային խումբ, որի պարուսույցը դառնում է Ֆլորան։ Խմբին միանում են նաև Թոթխամ գյուղի երեխաները։ Կազմավորված խումբը Ֆլորա Մարկարյանի ղեկավարությամբ սկսում է ակտիվ մասնակցել մրցույթների և փառատոնների՝ մշտապես արժանանալով բարձր գնահատականի։
Ֆլորան ունի երկու երեխա՝ մեկ աղջիկ և մեկ տղա։ Աղջիկը պարում է իր պարի խմբում, իսկ տղան «Ջավախք» համույթում։
Կորխ պարային համույթը ամեն տարի մասնակցում է Ախալքալաքում անցկացվող «Ջավախքի Գարուն» փառատոնին՝ ստանալով ժյուրիի համակրանքը։ Սեպտեմբերի 20-ին, Աշուղ Ալիք Ջավախքի աջակցությամբ խումբը մասնակցում է Թբիլիսիում կայացած մեծ փառատոնի և արժանանում «Տարվա լավագույն խումբ» անվանակարգին։ Նոյեմբերի 23-ին խումբը մասնակցում է Թբիլիսիում կայացած մեծ փառատոնի, որտեղ պարուսույցը Վրաստանի պարարվեստի միության կողմից արժանանում է «Վաստակավոր պարուսույց» կոչմանը:

«Դա իմ երկարամյա քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Շնորհակալ եմ այս մեծ պատվին արժանացնելու և իմ աշխատանքը գնահատելու համար»,- նշում է նա։
Իչպես նշում է Ֆլորան դժվարություններ եղել են պարի ասպարեզում, սակայն շատ սիրելով իր գործը ամեն բան հաղթահարել է։
«Սաներիս միշտ ասում եմ, որ լինեն նպատակասլաց, քայլեն միշտ առաջ և վստահեն իրենց ուժերին։ Թող նրանք կարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները, քանի որ դրանք անցողիկ են, երբ ունես նպատակը և քայլում ես դեպի առաջ»,- ասում է նա։
Ֆլորայի խոսքով՝ «Ջավախք» պարային համույթը ստեղծվել է նվիրվածությամբ և սիրով, և այն պետք է շարունակի իր առաքելությունը՝ սերնդե սերունդ ընդունելով նոր սաներ ու պահպանելով ազգային պարարվեստի գեղեցկությունը։


