Կոբախիձեն հանձնարարել է Ադրբեջանից Հայաստան տարանցումը անվճար իրականացնել

Կոբախիձեն հանձնարարել է Ադրբեջանից Հայաստան տարանցումը անվճար իրականացնել

Հայկական և վրացական կողմերը Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցում իրականացնելու վերաբերյալ քննարկում են ունեցել: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ անդրադառնալով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարությանը:

«Վրացական կողմի հետ նման քննարկում եղել է, և ստացել ենք հրապարակված տեղեկատվությունը»,– հայտնել են նախարարությունից:

Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երկաթուղիներ»-ին հանձնարարել է անվճար իրականացնել այս տարանցումը։