
Դեկտեմբերի 9-ին NOR ռադիոկայանի լրագրողները անցկացրեցին հարցում բնակիչների շրջանում՝ պարզելու, թե սկսել են արդյոք ամանորի նախապատրաստությունները և ինչպիսի ծախսեր են նախատեսում տոնական ժամանակաշրջանում։ Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ կարծիքներն ու հնարավորությունները տարբեր են։
Բնակիչների մի մասը նշեց, որ արդեն սկսել են նախապատրաստությունները։ Նրանց խոսքով՝ ամանորի տոնական սեղանի համար նախատեսում են մոտ 2000 լարի։
Մյուսները նշեցին, որ որոշակի մթերքներ կարողանում են տնական պայմաններում պատրաստել․ «Միսը տանից է, բաստուրման էլ տանն ենք պատրաստում, որոշ չափով ծախսերը կրճատվում են», – նշեց հարցվածներից մեկը։
Հարցվածներից մի մասն էլ նշեց, որ առայժմ չեն սկսել որևէ պատրաստություն։ «Եթե հնարավորություն ունեմ՝ նշում եմ, եթե ոչ՝ չեմ նշում», – ասաց բնակիչներից մեկը՝ հավելելով, որ կան մարդիկ, ովքեր նույնիսկ վարկ են վերցնում, որպեսզի կարողանան նշել տոնը։
Հարկ է նշել, որ անցած տարի՝ դեկտեմբերի 10-ին, NOR-ի լրագրողները նույնպես անցկացրել էին հարցում, և ինչպես պարզ է դառնում, անցած տարի բնակիչների նախապատրաստական տրամադրությունը ավելի բարձր էր, քան այժմ։
Նինոծմինդայի բնակիչները Նոր տարվա ծախսերի մասին, ինչքան են պատրաստվում ծախսել․ հարցում

