
Օրերս Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան ներկայացրել էր, որ պետական համալսարաններում սովորողների համար կրթությունը կլինի անվճար ինչպես բակալավրի, այնպես էլ մագիստրոսի մակարդակներում։
Այս թեմայի վերաբերյալ NOR-ի լրագրողը հարցում անցկացրեց ԲՈՒՀ ընդունվել պատրաստվող դիմորդների, ներկայումս սովորող ուսանողների, ինչպես նաև արդեն ԲՈՒՀ ավարտածների շրջանում։
Դիմորդ Կ․Ա նշում է, որ նախաձեռնությունը կարևոր է։ Նրանց խոսքով՝ ծրագիրը ոչ միայն բարելավում է կրթական հասանելիությունը, այլև իրական հույս է տալիս հազարավոր երիտասարդների, ովքեր ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված են եղել բաց թողնել ուսման շարունակման հնարավորությունը։
Այժմ բուհերում սովորող ուսանողների կարծիքները տարբեր են։ Ուսանողներից մեկը նշում է, որ բարեփոխումները դրական կողմեր ունեն, քանի որ այն մարդիկ, ովքեր նախկինում ֆինանսական հնարավորություն չունեին սովորելու, այժմ կարող են լիարժեք օգտվել կրթություն ստանալու հնարավորությունից և մոտենալ իրենց նպատակներին։ Նրա խոսքով՝ ուսանողները շատ ավելի հանգիստ կլինեն, երբ ուսումը անվճար կլինի․
«Երբ ուսումը վճարովի է, ուսանողը երկու ուղղությամբ է մտածում՝ ինչպես վճարել վարձավճարը և ինչպես առաջադիմել ուսման մեջ։ Իսկ երբ ուսումը անվճար է, ուսանողի ողջ ուշադրությունը կենտրոնանում է կրթության վրա։ Նա կարող է առավել արդյունավետ սովորել ու զարգանալ՝ առանց ֆինանսական ճնշման»,- նշեց Իլիաի պետական համալսարանում սովորող Ս․Է-ն։
Իլիաի պետական համալսարանի մեկ այլ ուսանող՝ Կ.Ղ-ն էլ նշում է, որ այս նախաձեռնությունը կարող է ունենալ բացասական հետևանքներ։ Անվճար կրթությունը մեծացնելով դիմորդների թիվը՝ կարող է զգալիորեն դժվարացնել ԲՈՒՀ ընդունվելը։ Նրա կարծիքով՝ մրցակցությունը կտրուկ կուժեղանա, և հատկապես նրանք, ովքեր ունեն սահմանափակ հնարավորություններ պատրաստվելու համար, կարող են ավելի դժվարության առաջ կանգնել։
ԹՊՀ-ն ավարտած Լ․Կ-ն էլ նշեց․ «Ըստ իս հիմա տարածվող նորությունների մեծ մասը այնպես էլ նորութուն կմնան ու իրականություն չեն դառնա, բայց այն ու ամենայնիվ չի կարելի ուրախանալ այն փաստով, որ բոլորի համար ուսումը անվճար է լինելու, չմոռանանք, որ մի համալսարանում լինելու է մի ֆակուլտետ ու հաստատ հայ երեխաների համար դժվար կլինի մրցակցության մեջ մտնել վրացիների հետ:
Երկրորդ կողմը հարցի, պետությունը ունի այնքան հնարավորություն, որ անվճար ընդունված ուսանողներին տա որակյալ ուսում, թեկուզ լավ դասախոսներ վարձելու կողմով: Երրորդ կողմը, ինչի՞ պետք է ցանկացած ոք անվճար սովորի: Կարծում եմ կատաստրոֆայի է տանում այս բոլոր որոշումները միասին վերցրած»։

