Հունվարի 1-ից Վրաստանում կգործի պարտադիր բժշկական ապահովագրությունը

Հունվարի 1-ից Վրաստանում կգործի պարտադիր բժշկական ապահովագրությունը

2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար պարտադիր կլինի առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը։

Համապատասխան փոփոխությունները ներառված են «Զբոսաշրջության մասին» օրենքում։ Օրենքի կիրարկումը նախատեսվում էր ավելի վաղ, սակայն հետաձգվել էր։ Դեռևս հավելյալ մանրամասներ այս թեմայով չեն հրապարակվել. օրինակ` ովքեր են համարվում զբոսաշրջիկներ, բացառություններ կլինեն, թե ոչ և այլն։

Փոփոխությունների նախաձեռնողները խորհրդարանական մեծամասնության անդամներն են։ Նրանց խոսքով՝ նոր կանոնակարգի քննարկումը և կիրարկումը պահանջել է բազմափուլ նախապատրաստական ​​գործընթաց, որը ներառում է մասնավոր հատվածի, նաև օտարերկրյա դեսպանատների ու հյուպատոսությունների պատշաճ իրազեկում, տեղեկատվական արշավների անցկացում և այլ համապատասխան միջոցառումների իրականացում։

Ապահովագրությունը պետք է տրվի Վրաստան մուտք գործելու պահին երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար. երկիր մուտք գործողները փաստաթուղթը կներկայացնեն սահմանային անցակետում։

Հարկ է նշել, որ ճանապարհորդական ապահովագրությունը գործում է ամբողջ աշխարհում և ծածկում է ճանապարհորդության ընթացքում առողջության անսպասելի վատթարացման, դեղորայքի անհրաժեշտության, նաև անհետաձգելի վնասվածքի կամ վիրաբուժական միջամտության հետևանքով առաջացած ծախսերը։

Շուկայական պահանջներին համապատասխան՝ ապահովագրությունը պետք է ապահովի առնվազն 5000 ԱՄՆ դոլարի չափով շտապ բուժօգնության ծածկույթ և առնվազն 30 հազար ԱՄՆ դոլար հոսպիտալացման ծախսերի ծածկույթ, նաև ընդգրկի պատահարներ, արտակարգ բժշկական տեղափոխում և հիվանդության պատճառով հայրենիք վերադարձի ծախսերը։

Ինչպես է ձեռք բերվում բժշկական ապահովագրությունը (հիմնական չափորոշիչներ)

  1. Ընտրում են ապահովագրական ընկերություն՝ տեղական կամ միջազգային, որն առաջարկում է բուժօգնության և պատահարների ապահովագրություն։
  2. Նշվում է կացության տևողությունը (քանի օր կամ ամիս է նախատեսված մնալը), և այդ ժամանակահատվածով կազմում են պայմանագիր։
  3. Ընտրում են ծածկույթի տեսակը՝ ներառյալ շտապ բուժօգնություն, հոսպիտալացում, պատահարներ, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական տեղափոխում կամ վերադարձ։
  4. Ստանում են ապահովագրական վկայական։
  5. Վկայականը ներկայացվում է սահմանային վերահսկողությանը կամ բժշկական հաստատություններին։