Հատուկ քարտեր մանկապարտեզի աշխատակիցների ու երեխաների համար

Հատուկ քարտեր մանկապարտեզի աշխատակիցների ու երեխաների համար

2026 թվականի հունվարի 15-ից Թբիլիսիի բոլոր մանկապարտեզներում կգործարկվի էլեկտրոնային գրանցման համակարգ,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նա նշել է, որ այդ համակարգը սեպտեմբերից Թբիլիսիի 20 մանկապարտեզներում ներդրվել է փորձնական ռեժիմով, հաջորդ տարվանից կգործարկվի ամենուր։

Մանկապարտեզի աշխատակիցներն ու երեխաները պետք է գրանցեն իրենց քարտերը հաստատություն ժամանելուն պես։

«Ամանորյա տոները Թբիլիսիի մանկապարտեզներում կտևեն դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 15-ը։ Հունվարի 15-ից կրթական գործընթացը կվերականգնվի նշանակալի նորամուծություններով։ Մանկապարտեզների կառավարման գործակալությունն ավարտել է էլեկտրոնային ընդունելության համակարգի ներդրումը։ Նախագծի շրջանակներում տեղադրվել են քարտի ընթերցող սարքեր և համապատասխան տեսահսկման համակարգ։

Մանկապարտեզների վարչակազմը և գործակալության համապատասխան բաժինների մասնագետները վերապատրաստվել են ծրագրերի կառավարման ուղղությամբ։ Տեղեկատվական հանդիպումներ են անցկացվում երեխաների ծնողների հետ՝ ապահովելու համար, որ երեխաները 2026 թվականի հունվարի 15-ից անխափան ընդունվեն մանկապարտեզներ։

Երեխաների ծնողներին կտրամադրվի առավելագույնը 8 պլաստիկ քարտ՝ քարտի կորստի կամ այլ դեպքերում երեխայի գրանցումն ապահովելու համար։ Ավելի հարմար լինելու համար, հատուկ պորտալում գրանցվելով, հնարավոր է ստեղծել QR կոդ և գրանցել քարտի ընթերցողի վրա։

Նախագիծը հաշվի է առնում բոլոր այն հանգամանքները, որոնք «կարող են օգտակար լինել երեխաների և աշխատակիցների էլեկտրոնային գրանցման ժամանակ, լինի դա կոնկրետ աշխատանքային դրույքաչափ, թե հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների համար հարմարեցված ներկայության գրաֆիկ», — ասել է Կախա Կալաձեն։

Ըստ նրա՝ ներդրված ծրագիրը ճշգրիտ գրանցում է երեխաների և աշխատակիցների հաճախելիությունը, ինչը կօգնի կրթական հաստատությանը խնայել ռեսուրսներ։

Geostat-ի տվյալներով՝ մինչև 2025-2026 ուսումնական տարին Թբիլիսիում կգործի 190 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ կսովորի մոտավորապես 49 հազար երեխա։ Մանկավարժների թիվը կազմում է ավելի քան 6500։