
Գերմանացիների մեծամասնությունը կողմ է 16 տարեկանից փոքր անձանց համար սոցիալական ցանցերի օգտագործման արգելքին, ցույց են տվել INSA սոցիոլոգիական ինստիտուտի կողմից Bild թերթի պատվերով անցկացված հարցման արդյունքները։
Դրա տվյալներով՝ հարցվածների 60%-ը կողմ է 16 տարեկանից փոքր անձանց համար սոցիալական ցանցերի արգելքին՝ հետևելով Ավստրալիայի օրինակին։ Սակայն հարցվածների միայն 24%-ն է հակառակ կարծիք հայտնել։ Եվս 16%-ը նշել է, որ իրենց համար միևնույն է կամ դժվարացել է պատասխանել հարցին։
Արգելքի աջակցությունը հատկապես բարձր է «Կանաչների» կուսակցության (71%), «Քրիստոնեա-դեմոկրատական միության» (70%) և «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» (69%) կողմնակիցների շրջանում: «Գերմանիայի համար այլընտրանք» (AfD) և «Ազատ դեմոկրատական կուսակցության» (FDP) ընտրողներն ավելի զուսպ են այս նախաձեռնության նկատմամբ՝ 57%-ը կողմ է արտահայտվել:
Դեկտեմբերի 10-ից Ավստրալիայում գործում է օրենք, որն արգելում է 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցիալական ցանցեր: Օրենքի համաձայն՝ Ավստրալիայում գործող սոցիալական ցանցերի հարթակները պարտավոր են անջատել երեխաների և դեռահասների հաշիվները:

