
Այսօր` դեկտեմբերի 15-ին ժամը 09։15-ի սահմաններում, Նինոծմինդայի կենտրոնական Ազատություն փողոցում բեռնատարը ընկել է փոսը։ Ճանապարհին ասֆալտը կտրված է և դեռևս ասֆալտապատման աշխատանքներ չեն կատարվել։ Ավելի ուշ բեռնատարը հանվել է փոսից։
Տեղում աշխատել է ոստիկանությունը, տուժածներ չկան։ Տվյալ հատվածում, որտեղ իրականացվում են աշխատանքներ, տեղադրված չեն ճանապարհային զգուշացման և վերանորոգման նշաններ։
Հարկ է նշել, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում սա առաջին դեպքը չէ, երբ աշխատանքների ընթացքում ճանապարհային նշաններ չեն տեղադրվում։ Նման դեպք արձանագրվել է նաև օգոստոս ամսին՝ Ժդանովական գյուղում։ Այն ժամանակ, երբ գյուղի մուտքի մոտ՝ կենտրոնական ճանապարհին, իրականացվում էին փոսալցման և ասֆալտապատման աշխատանքներ, զգուշացման նշանների բացակայության պատճառով ավտոմեքենայի վարորդը բախվել էր խճակույտին և բարձրացել դրա վրա, ինչի հետևանքով մեքենան կրել էր զգալի վնաս։
Ինչպես Նինոծմինդայի, այնպես էլ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ասֆալտապատ փողոցները շատ արագ քայքայվում են, ինչի արդյունքում առաջանում են խորը փոսեր։ Դրանք իրենց հերթին վնասում են բազմաթիվ ավտոմեքենաների։ Ինչ վերաբերում է հենց Նինոծմինդայի քաղաքային փողոցներին, ապա այստեղ իրականացվում են ջրագծերի մասշտաբային փոխարինման աշխատանքներ, որի հետևանքով գրեթե բոլոր փողոցները գտնվում են վատ վիճակում։
NOR-ը անդրադարձել էր փողոցների վիճակին և հարցում անցկացրել բնակիչների շրջանում՝ պարզելու, թե արդյոք նրանք գոհ են։ Հարցվածները մեկնաբանել էին՝ նշելով, որ Նինոծմինդայի փողոցները նման են «յայլայի»։
Կարդացեք նաև․
Նինոծմինդայի փողոցները բնակիչները նմանեցնում են «յայլայի»
Սպանդարյան փողոցի ջրագծի աշխատանքները մնացել են կիսատ՝ խոչընդոտելով երթևեկությանը։

