«Փարվանա», «Էմիլի», «Ծաղկազարդ» և «Սայաթ-Նովա» համույթների հաշվետու համերգը

«Փարվանա», «Էմիլի», «Ծաղկազարդ» և «Սայաթ-Նովա» համույթների հաշվետու համերգը

Դեկտեմբերի 14-ին Նինոծմինդայի մշակույթի տանը տեղի ունեցավ Նինոծմինդայի «Փարվանա», Գորելովկայի «Էմիլի» և Նինոծմինդայի Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի «Ծաղկազարդ» պարային համույթների, ինչպես նաև «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի սաների հաշվետու համերգը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հայկական, վրացական և միջազգային ժամանակակից պարային համարներ։

Միջոցառմանը ներկա էր նաև Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի և մշակույթի ծառայության պետ Լևոն Վարդանյանը։ Ելույթ ունենալով՝ նա նշեց, որ տեղի ունեցածը պարզապես հերթական հաշվետու համերգ չէր։ Նրա խոսքով՝ պարուսույցներն ու երգուսույցը տարվա ընթացքում մշտապես աշխատում են, և նրանց յուրաքանչյուր համերգ ու բեմադրություն ինքնին հաշվետու է։ Լևոն Վարդանյանը հավելեց, որ հանդիսատեսը ականատես եղավ պրոֆեսիոնալ մակարդակի համերգի, ինչը ևս մեկ անգամ առիթ է շնորհակալություն հայտնելու և խրախուսելու վարպետներին։

Համերգի ավարտին ելույթ ունեցավ նաև պարուսույց Լուսինե Մզիկյանը, ով նշեց, որ այս լռությունը մի պատմություն էր, պատմություն, որը ներկայացրին նրա սաները՝ չորս տարեկանից մինչև 25 տարեկան։ Դա խոսում է այն մասին, որ մշակույթը և հայ-վրացական արվեստը կա, կմնա ու կշարունակվի։

«Կուզենայի, որ մեր ամենափոքրիկ սանը իմ տարիքին լիներ և իր դեմ կանգնած լիներ թոռնիկը, թոռնուհին և երկու-երեք տարեկան երեխան։

Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ, սիրելի ծնողներ։ Սա ձեր աշխատանքն է, սա ձեր լուման է, սա ձեր դաստիարակությունն է։ Իսկ ես խոնարհվում եմ ձեր առաջ և համբերատար, սիրով և ջանասիրությամբ ու մեծ երջանկությամբ աշխատում եմ ձեր երեխաների հետ։ Այո, դա Աստծո շնորհ է՝ ունենալ այսքան երեխաներ, աշխատել, դաստիարակել և աշխարհով մեկ ներկայացնել մեր հայ-վրացական մշակույթը»,-նշեց Լուսինե Մզիկյանը։

Համերգի ավարտին երեխաներին ուրախացնելու էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը։