
Արփի Խանբեկյանը երիտասարդ, նպատակասլաց և հաջողակ ուսանողուհի է, ով աշխատասիրության, հետևողականության և սեփական ուժերի հանդեպ վստահության շնորհիվ հաղթահարել է լեզվական ու ակադեմիական դժվարությունները և այսօր համակարգչային գիտությունների ոլորտում ձևավորվում է որպես մրցունակ մասնագետ՝ իր ապագան կապելով տեխնոլոգիաների հետ։
Արփի Խանբեկյանը ծնվել է 2003 թվականի նոյեմբերի 12-ին՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղում։ Մեծացել է սովորական, աշխատասեր ընտանիքում։ Հայրը շինարար է՝ մարդ, որի աշխատասիրությունն ու պատասխանատվությունը մանկուց օրինակ են եղել Արփիի համար, իսկ մայրը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է, ով մեծ դեր է ունեցել նրա կրթության ձևավորման և կայացման գործում։
Արփին սովորել և ավարտել է Մեծ Արագյալի հանրային դպրոցը։ Դպրոցական տարիներին եղել է ակտիվ, նպատակասլաց և առաջադեմ աշակերտուհի։ Լավ ուսման շնորհիվ նա արժանացել է համակարգչի՝ Վրաստանի կրթության և գիտության նախարարության «Իմ առաջին համակարգիչը» ծրագրի շրջանակում։ 11-րդ դասարանից էքստեռնատ ծրագրով դուրս է եկել դպրոցից, ինչի հետևանքով 12-րդ դասարան չի հաճախել՝ չնայած ոսկե մեդալի թեկնածու լինելուն։

Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով Արփին 100 տոկոս պետական դրամաշնորհով ընդունվել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան՝ վրաց լեզվի նախապատրաստական կուրս։ Ներկայում սովորում է նույն համալսարանի Ճշգրիտ և բնագիտական գիտությունների ֆակուլտետի «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ և չորրորդ կուրսի ուսանողուհի է։
«Ուսման առաջին կիսամյակը բավականին բարդ էր, հատկապես լեզվական և ակադեմիական պահանջների տեսանկյունից, սակայն կարողացա հաղթահարել բոլոր դժվարությունները։ Յուրաքանչյուր կիսամյակում ստանում եմ կրթաթոշակ։ Սկզբում երազում էի պարզապես կապույտ դիպլոմ ստանալու մասին, իսկ այսօր արդեն կարմիր դիպլոմի թեկնածու եմ»,– ասում է Արփին։
Նա մասնակցել է մի շարք գիտաժողովների և կրթական ծրագրերի։ 2024 թվականին մասնակցել է «Կիբերանվտանգության գենդերային չափումը» թեմայով գիտաժողովին, իսկ 2025 թվականին՝ Շալոմ Դավթին նվիրված գիտաժողովին։ Արփին եղել է ԹՊՀ ուսանողական խորհրդարանի անդամ, սովորել է UI/UX դիզայն TBC Academy-ում, մասնակցել է ճապոնական «Գո» ինտելեկտուալ խաղին։ 2022 և 2023 թվականներին երկու անգամ եղել է ԹՊՀ դեսպան։ Այս ամենը նպաստել է նրա անձնական և մասնագիտական զարգացմանը։
Արփիի խոսքով՝ իր ճանապարհին ամենամեծ դժվարությունը վրաց լեզվի ոչ լիարժեք տիրապետումն է եղել։ Սակայն այսօր այդ խնդիրը լիովին հաղթահարված է և այլևս որևէ խոչընդոտ չի հանդիսանում։ «Ես միշտ եղել եմ նպատակասլաց և սովոր եմ խնդիրներին նայել որպես զարգացման հնարավորություն, այլ ոչ թե խոչընդոտ»,– նշում է նա։

Ներկայում Արփին աշխատում է CarFat ընկերությունում, որտեղ զբաղվում է առցանց հարթակի ֆինանսական գործընթացների կառավարմամբ։ Աշխատանքը նրան հնարավորություն է տալիս համատեղել տեսական գիտելիքն ու գործնական փորձը։
Արփիի մասնագիտությունը համակարգչային գիտություններն են։ Նա վերլուծել է բազմաթիվ ոլորտներ և ընտրել ամենահեռանկարային ու պահանջվածներից մեկը։ «Մաթեմատիկայում միշտ աչքի եմ ընկել, սիրում եմ տրամաբանական մտածողություն պահանջող խնդիրներ և բարդ համակարգերի լուծում։ Տեխնոլոգիաները ինձ համար ոչ միայն մասնագիտություն են, այլև մտածողության ձև։ Սկզբում մասնագիտության ընտրությունը հեշտ չէր, քանի որ հասարակության մեջ դեռ առկա է կարծրատիպ, թե սա «տղամարդկանց ոլորտ» է։ Սակայն երբեք թույլ չեմ տվել, որ հասարակական կարծիքը սահմանափակի իմ ընտրությունը։ Ես հավատացել եմ իմ ուժերին և ընտրել այն ուղին, որտեղ տեսնում եմ իմ ապագան»,– ասում է Արփին։
Երիտասարդ աղջիկը նշում է, որ իր կողքին առաջին հերթին եղել են ծնողները։ Հատկապես հայրը՝ ով նաև որպես լավագույն ընկեր մշտապես աջակցել է դստերը կարևոր որոշումներ կայացնելիս։

Արփին սիրում է ճանապարհորդել։ Այս տարի եղել է Հունաստանում և վերադարձել մեծ տպավորություններով։ «Իմ նպատակներից մեկն է այցելել աշխարհի բազմաթիվ երկրներ, ծանոթանալ տարբեր մշակույթների և ընդլայնել աշխարհայացքս»։

Ուսանողուհու հիմնական նպատակն է ձևավորվել որպես բարձրակարգ և մրցունակ մասնագետ, շարունակել կրթությունը բարձր մակարդակով և ներգրավվել միջազգային նախագծերում՝ տեխնոլոգիաների միջոցով իրական արժեք ստեղծելով։ «Ես կարևորում եմ ոչ միայն անձնական առաջընթացը, այլև այն դրական ազդեցությունը, որը կարող եմ ունենալ ավելի լայն համայնքի վրա։ Այդ նպատակներին հասնելու համար այս տարի պարտադիր պատրաստվում եմ հանձնել մագիստրատուրայի ընդունելության քննությունները և շարունակել ուսումս Թբիլիսիի պետական համալսարանում»։
2026 թվականից Արփին նախատեսում է մասնակցել մի շարք մասնագիտական ստաժավորման ծրագրերի, որոնց մի մասում արդեն գրանցված է։ Նրա կարծիքով՝ մասնագիտական կայացման ճանապարհին առաջին կարևոր քայլը լավ վարձատրվող աշխատանքի ձեռքբերումն է իր ընտրած ոլորտում, ինչը կդառնա հետագա զարգացման ամուր հիմք։
Երիտասարդներին Արփին խորհուրդ է տալիս վստահել իրենց ուժերին, չվախենալ հասարակական կարծիքից և երբեք չհանձնվել առաջին դժվարության հանդիպելիս։ Նրա խոսքով՝ եթե ունես նպատակ, աշխատասիրություն և համբերություն, ապա հաջողությունն անխուսափելի է։

