
Նինոծմինդայի մարզադպրոցում անցկացվեց դպրոցական մինի ֆուտբոլի առաջնություն Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցականների միջև։
Մրցաշարին մասնակցում էին մունիցիպալիտետի տարբեր դպրոցների թիմեր։ Լևոն Վարդանյանի խոսքով՝ մրցաշարին մասնակցել են 13 հավակնորդ թիմեր, որոնք ցուցադրել են ակտիվ ու մրցակցային խաղ։

Մրցաշարի արդյունքում հաղթող ճանաչվեց Ժդանովականի դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղին արժանացավ Թորիայի դպրոցի թիմը։

«Սա մեր ծրագրած ավանդական մարզաձևերից մեկն է՝ ֆուտբոլը, որը շատ տարածված է երիտասարդների մեջ: Եվ ընդհանրապես ծրագրով կա այն, որ մենք տարին միշտ եզրափակում ենք մինի ֆուտբոլի դպրոցականների միջև առաջնությամբ: Մեր Ժդանովականի թիմում բավականին հայտնի տղաներ են խաղում, նրանք մեր երեք տարվա թենիսի չեմպիոններն են և շատ մարզասերներ են: Կարելի է ասել, որ նրանք իրենց ուժը և եռանդը չխնայեցին, որպեսզի գրավեին այս տեղը:
Պետք է ասել, որ մենք հաջորդ տարի ունենք երկու օլիմպիադաների մասնակցելու հայտ՝ մեկը դպրոցականների միջև, մյուսը՝ երիտասարդների: Մյուսն արդեն հավաքագրված են, արդեն ծրագրված է, և այսօրվա մեր մարզիկներից շատերը երևի արդեն կարողանան մասնակցել հաջորդ տարի այդ օլիմպիադաների»,-նշեց Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի և մշակույթի ծառայության պետ Լևոն Վարդանյանը:


Ժդանովականի ֆուտբոլային թիմի մարզիկ Էդգար Մնոյանը նշեց, որ երեկվանից սկսվել է դպրոցական մինի ֆուտբոլի առաջնությունը․ «Երեկ երեք խաղ տեղի ունեցավ, երեք խաղն էլ հաղթեցինք, այսօր տեղի ունեցավ եզրափակիչ խաղ, հաղթեցինք Նինոծմինդայի դպրոցին։ Շնորհավորում եմ իմ սաներին, շնորհավորում եմ մյուս մրցանակային տեղ զբաղեցրած թիմերին։ Ասեմ, որ շատ լավ, գեղեցիկ խաղ ստացվեց երկու թիմերի կողմից էլ»,NOR-ի հետ զրույցում նշեց Էդգար Մնոյանը։
Մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած թիմը՝ գավաթով։









