Ձկնատեսակների գները Նինոծմինդայում

Ձկնատեսակների գները Նինոծմինդայում

Ամանորի նախաշեմին NOR-ի լրագրողները Նինոծմինդայում հետաքրքրվեցին վաճառասեղաններին առկա ձկների գներով։

Պարզվեց, որ տոնական օրերին առավել պահանջարկ ունեցող ձկնատեսակների արժեքը տատանվում է՝ կախված տեսակից և ծագումից։

Վաճառողի խոսքով՝ այս տարի շուկայում ձկների տեսականին բավականին բազմազան է։ Փոկայի ռյապուշկան վաճառվում է 15 լարիով, Փոկայի կարմրախայտը՝ 22 լարիով, Կիրովականի հաստաճակատը՝ 13 լարիով, Կարծախի սազան ձուկը՝ 22 լարիով, Ծալկայի ամուռ ձուկը՝ 20 լարիով, իսկ Սևանի սիգը՝ 15 լարիով։

Վաճառողը նաև նշեց, որ այս տարի ռյապուշկայի պակաս կա, ինչը պայմանավորված է ձկնորսության ոչ բարենպաստ պայմաններով։ Նրա խոսքով՝ այս տարվա ձկնորսական սեզոնը բավականին վատ էր։

Հարկ է նշել, որ հոկտեմբերի 1-ին NOR-ը լուսաբանել էր Փարվանա և Փոկա գյուղերում ձկնորսության իրավիճակը՝ նշելով, որ տեղական շուկայում ամենապահանջված ձկներից են կարասը և ռյապուշկան։ Այս տարի ձկան քանակի նվազման պատճառով գները աճել են, կարասը վաճառվում է մոտ 22 լարիով մեկ կիլոգրամը, իսկ ռյապուշկայի գինը հասել է 12 լարիի։

Չնայած այս ամենին, Փարվանայի բնակիչները չեն հրաժարվում իրենց ավանդական ձկնորսությունից և համարում են այն զբաղմունք։ Բացի ֆինանսական եկամտից, ձկնորսությունը նրանց համար ապրելակերպ է, ինչպես նաև իրենց կյանքի առօրյայի մի մասն է կազմում։