
Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը հայտարարել է պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո ընտրություններ անցկացնելու վերաբերյալ օրինագիծ մշակելու համար հատուկ աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Խորհրդարանի խոսնակը դրա մասին հայտարարել է Դիվանագիտական ծառայության օրվան նվիրված արարողության ժամանակ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
«Այսօր ես հրամանագիր եմ ստորագրել ընտրությունների վերաբերյալ և ստեղծել աշխատանքային խումբ՝ այս օրինագիծը մշակելու համար։ Այն գլխավորում է Գերագույն Ռադայի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Կորնիենկոն, որը ներկա է այստեղ»,- ասել է նա։
Ստեֆանչուկն ընդգծել է, թե առաջին անգամ է, որ Ուկրաինան ընտրական օրենսդրություն է մշակել՝ հաշվի առնելով պատերազմի հետևանքները, և աշխարհում նման փորձ գործնականում չկա։
Ըստ նրա՝ դեռևս դժվար է արտասահմանում միլիոնավոր ուկրաինացիների քվեարկելու հարցը։
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան բախվում է մեկ այլ մարտահրավերի. ընտրություններ անցկացնել-չանցկացնել «ժամանակավորապես բռնազավթված տարածքներում, և սա նույնպես պետք է լուծվի»։

