
Նինոծմինդայում արդեն նկատելի է ամանորյա եռուզեռը, քաղաքում ակտիվ պատրաստություններ են ընթանում Նոր տարվան ընդառաջ։ Դեկտեմբերի 23-ին NOR ռադիոկայանի լրագրողները հարցում անցկացրեցին թոշակառուների շրջանում՝ պարզելու, թե արդյոք նրանց թոշակը բավարարում է ամանորյա ծախսեր կատարելու համար։
Հարցման ընթացքում հնչեցին տարբեր կարծիքներ։ Որոշ բնակիչներ նշեցին, որ թոշակը գոնե պետք է լինի 1000 լարի, որպեսզի հնարավոր լինի հոգալ ամանորյա ծախսերը։ Նրանց խոսքով՝ սովորական օրերին թոշակը որոշ չափով հերիքում է, սակայն տոնական շրջանում այն բավարար չէ։
Մեկ այլ թոշակառու նշեց, որ մսի մեկ կիլոգրամի գինը հասնում է 18 լարիի, ինչպես պետք է հերիքի։
Մեկ ուրիշ բնակիչ էլ ասաց․ «Խանութներում թանկացումներ են։ Երկու հոգով ենք՝ ես ու կինս, բայց նույնիսկ այդ դեպքում այս ամսվա ընթացքում թոշակը չի հերիքում»։
Հարցվածներից մեկը, ով ժամանել էր Հայաստանից, նշեց․ «Ստանում եմ 36 հազար դրամ թոշակ, բայց ամանորին ծախսում եմ մոտ 130 հազար դրամ։ Մենակ եմ ապրում, բայց այդ գումարն էլ չի հերիքում»։
Մեկ այլ թոշակառու դժգոհեց գների շարունակական աճից․ «Տեսեք՝ ինչ գներ են։ Ինչ անեմ՝ հիմա ծախսեմ Նոր տարվա համար, հետո ինչով ապրեմ։ Թոշակը մի քիչ ավելացնում են, բայց սնունդը նորից թանկանում է»։
Հարցումը ցույց տվեց, որ Նինոծմինդայի թոշակառուների մեծ մասը մտահոգ է ամանորյա ծախսերով և նշում է, որ ներկայիս թոշակը չի համապատասխանում աճող գներին։
Մանրամասները աուդիոնյութում․

