Ախալքալաքից իրավաբան Հենրիկ Կարագեբակյանի մասնագիտական փորձն ու նպատակները

Ախալքալաքից իրավաբան Հենրիկ Կարագեբակյանի մասնագիտական փորձն ու նպատակները

Հենրիկ Կարագեբակյանը ծնվել և մեծացել է Ախալքալաքի շրջանի Իխտիլա գյուղում՝ աշխատասեր և արժեքներին մեծ կարևորություն տվող ընտանիքում։ Նրա խոսքով՝ ընտանիքը առանցքային դեր է ունեցել աշխարհայացքի ձևավորման, պատասխանատվության զգացման և կրթության նկատմամբ լուրջ վերաբերմունքի ձևավորման գործում։

Ներկայումս Հենրիկ Կարագեբակյանը շարունակում է գործունեությունը իր մասնագիտական ոլորտում։ Սովորել է Իխտիլայի հանրակրթական դպրոցում, որն ավարտել է հաջողությամբ՝ առանձնակի հետաքրքրություն ցուցաբերելով հասարակագիտական և իրավական առարկաների նկատմամբ։ Նա ունի բարձրագույն իրավաբանական կրթություն և ներկայումս ուսանում է Երևանի Գլաձոր համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ զուգահեռաբար շարունակելով մասնագիտական գործունեությունը։

Կրթության ընթացքում Հենրիկ Կարագեբակյանը ձեռք է բերել ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական հմտություններ, որոնք այսօր կիրառում է իր աշխատանքում։ Նա մասնակցել է իրավաբանական թեմաներով տարբեր սեմինարների, վերապատրաստումների և մասնագիտական քննարկումների, որոնք վերաբերում են օրենսդրական փոփոխություններին, դատավարական պրակտիկային և մասնագիտական հմտությունների զարգացմանը։

Ինչպես յուրաքանչյուր մասնագիտական ուղու ընթացքում, նա նույնպես բախվել է որոշ դժվարությունների և մարտահրավերների, մասնավորապես՝ աշխատանքային մեծ պատասխանատվությանը և ժամանակի արդյունավետ կառավարմանը։ Սակայն, ինչպես նշում է Կարագեբակյանը, այդ դժվարությունները նպաստել են իր մասնագիտական աճին և փորձի կուտակմանը։ Ներկայումս նա աշխատում է Ախալքալաքում՝ իր մասնագիտությամբ, որպես իրավաբան։ Մասնագիտական գործունեության շրջանակում զբաղվում է իրավական փաստաթղթերի կազմմամբ, խորհրդատվությամբ և տարբեր իրավական խնդիրների լուծմամբ։

Որպես իրավաբան՝ Հենրիկ Կարագեբակյանը նշում է, որ քաղաքացիների դիմումները հիմնականում կուտակվում են մի քանի «ցավոտ» ոլորտներում։ Ամենահաճախ հանդիպող խնդիրները վերաբերում են գույքային վեճերին՝ բնակարանների, հողամասերի և տների շուրջ։ Դրանց թվում են նաև ժառանգության բաժանման, առքուվաճառքի պայմանագրերի հետ կապված խնդիրները։ Բացի այդ, հաճախ հանդիպում են պարտքերի և ֆինանսական պարտավորությունների հարցեր՝ չվճարված գումարներ, վարկեր, տոկոսներ, ինչպես նաև պարտքի վերադարձը դատարանի միջոցով։ Առանձին խումբ են կազմում ընտանեկան իրավունքի ոլորտի հարցերը՝ ամուսնալուծություն, ալիմենտ, երեխաների խնամակալություն։

Մասնագետը ընդգծում է մեկ հստակ օրինակ, Ժառանգության վեճը․ Օրինակ՝ Մարդը տարիներով ապրել է ծնողների տանը, խնամել նրանց, բայց մահից հետո ի հայտ են գալիս այլ ժառանգներ, որոնք պահանջում են տունը վաճառել կամ իրենց բաժինը։ «Այստեղ խնդիրն է՝ ժառանգության ընդունման ժամկետը, փաստացի տիրապետումը, բաժնեմասերի ճշգրտումը։ Սա այն խնդիրներից է, որտեղ իրավաբանի ճիշտ քայլը կարող է ամբողջությամբ փոխել արդյունքը»։

Հենրիկ Կարագեբակյանի հիմնական նպատակն է դառնալ բարձրակարգ, մրցունակ և վստահելի մասնագետ, խորացնել գիտելիքները իրավունքի տարբեր ոլորտներում և իր ներդրումն ունենալ իրավական մշակույթի զարգացման գործում։ «Ապագայում ծրագրում եմ շարունակել մասնագիտական զարգացումս, ընդլայնել փորձառությունս, ինչպես նաև մասնակցել միջազգային ծրագրերի և մասնագիտական համագործակցությունների»։

Խոսելով մասնագիտության ընտրության մասին՝ Կարագեբակյանը նշում է, որ իրավաբանի ուղին ընտրել է այն պատճառով, որ այդ մասնագիտությունը հնարավորություն է տալիս պաշտպանել մարդու իրավունքները, վերականգնել արդարությունը և օգտակար լինել հասարակությանը։ Մասնագիտության ընտրության վրա մեծ ազդեցություն են ունեցել իրավունքի նկատմամբ հետաքրքրությունը, արդարության զգացումը և հասարակական պատասխանատվության գիտակցումը։

Նրա մասնագիտական և կրթական ճանապարհին մշտապես աջակցել են ընտանիքի անդամները, դասախոսներն ու գործընկերները, որոնց խորհուրդներն ու աջակցությունը կարևոր դեր են խաղացել առաջընթացի գործում։ Ազատ ժամանակը Հենրիկ Կարագեբակյանը փորձում է հատկացնել ինքնակրթությանը, մասնագիտական գրականության ուսումնասիրությանը և լեզվական հմտությունների զարգացմանը։

Երիտասարդներին նա խորհուրդ է տալիս լինել նպատակասլաց, չվախենալ դժվարություններից, շարունակաբար ներդրում անել կրթության և ինքնազարգացման մեջ և ամենակարևորը՝ հավատալ սեփական ուժերին։