
Սանտա Կլաուսը Սուրբ Ծննդյան նախօրեին շուրջերկրյա ճանապարհորդության է մեկնել՝ նվերներ բաժանելու համար։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (ՀԱԱՊՀ):
Ավանդույթի համաձայն՝ ամերիկյան և կանադացի զինվորականները հատուկ կայքում գործարկել են հեռարձակում, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան իրական ժամանակի ռեժիմով հետևել Սանտա Կլաուսի տեղաշարժին:
Այդ տվյալների համաձայն՝ նա Հյուսիսային բևեռից դուրս է եկել Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին: Նա տեղաշարժվում է իր կախարդական սահնակով, որին լծված են ինը եղջերուներ՝ հայտնի կարմրաքիթ Ռուդոլֆի գլխավորությամբ:
ՀԱԱՊՀ-ի տվյալներով՝ Սանտա Կլաուսն արդեն այցելել է Ռուսաստանի Հեռավոր Արևելք, իսկ այժմ ուղղություն է վերցրել դեպի Խաղաղ օվկիանոսի հարավային հատված: Այս պահի դրությամբ նա արդեն հասցրել է ավելի քան 125 միլիոն նվեր բաժանել:
ՀԱԱՊՀ-ը պարզաբանում է, որ Սանտա Կլաուսի գտնվելու վայրը որոշելու համար օգտագործում է ռադիոլոկացիոն կայանների համակարգեր, արբանյակներ և կործանիչներ։
Սուրբ Ծննդյան գլխավոր հերոսի տեղաշարժերին հետևելու ավանդույթը ՀԱԱՊՀ-ում սկիզբ է առել 1955 թվականին, երբ ամերիկյան թերթերից մեկում հայտնվել է մի հայտարարություն՝ հեռախոսահամարով, որով զանգահարելիս հնարավոր է եղել «խոսել Սանտայի հետ»։ Սակայն հայտարարության մեջ տպագրական սխալ է եղել։ Արդյունքում երեխաները սկսել են զանգահարել ԱՄՆ մայրցամաքային մասի հակաօդային պաշտպանության հրամանատարության կենտրոնակայան, որից հետո, 1958 թվականից սկսած, զինվորականներն իրենց վրա են վերցրել տոնական պարտականությունը և ամեն տարի բոլոր ցանկացողներին հայտնել Սանտա Կլաուսի տեղաշարժերի մասին։

