Փարվանա գյուղի բազային դպրոցի աշակերտների հաջողությունները «Նիկո Կեցխովելի» ծրագրում

Փարվանա գյուղի բազային դպրոցի աշակերտների հաջողությունները «Նիկո Կեցխովելի» ծրագրում

«Նիկո Կեցխովելի»-ն բնապահպանական ծրագիր է, որը գործում է կայուն զարգացման 17 նպատակների իրականացման ուղղությամբ՝ ներգրավելով կամավորների Վրաստանի տարբեր անկյուններից։

Ծրագրի կամավորների թվում էին նաև Փարվանա գյուղի բազային դպրոցի աշակերտները։ Նրանք ընտրել էին մի քանի նպատակներ և ամիսներ շարունակ աշխատել դրանց իրականացման ուղղությամբ։

«Մենք երկար ժամանակ աշխատեցինք տարբեր ուղղություններով․ անցկացրինք մի շարք տեղեկատվական դասընթացներ, կազմակերպեցինք մաքրման աշխատանքներ գյուղում և գյուղից դուրս, ինչպես նաև իրականացրեցինք նախաձեռնություններ, որոնք մեծ նշանակություն ունեցան գյուղի և բնակիչների համար»,– ասում է ծրագրի մասնակիցներից մեկը։

Այս աշխատանքի արդյունքները չուշացան, աշակերտները ճանաչվեցին հաղթողներ և որպես մրցանակ ստացան տպիչ (պրինտեր) և համակարգիչ, որոնք էլ նվիրեցին դպրոցին։

Դպրոցի տնօրեն Ռուբեն Սահակյանը նշեց․
«Մենք շատ ուրախ ենք, որ ունենք նման ուսուցչուհի և աշակերտներ, ովքեր հոգ են տանում իրենց դպրոցի և համայնքի համար»։

Տեղեկությունը փոխանցում է NOR-ի կամավոր` Շուշան Մկրտչյանը: