
Թումաս Վարդանյանը իր ընտանիքով պարբերաբար աչքի է ընկնում բարեգործությամբ։ Հերթական բարեգործությունը տեղի ունեցավ ամանորի նախաշեմին Հեշտիայում։
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում տեղի ունեցավ ամանորյա բարեգործական միջոցառում, որը մեծ ուրախություն և ջերմություն բերեց գյուղի երեխաներին։ Միջոցառումը կազմակերպվել էր ամանորին ընդառաջ՝ Թումաս Վարդանյանի և նրա ընտանիքի նախաձեռնությամբ։
Բարեգործական ծրագրի շրջանակներում Հեշտիայի մանկապարտեզի երեխաները, ինչպես նաև գյուղի երկու դպրոցների մինչև 5-րդ դասարանի աշակերտները ստացան ամանորյա նվերներով տոպրակներ։ Նվերների հանձնումը կատարվեց Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ, ինչն առավել տոնական և հեքիաթային դարձրեց միջոցառումը երեխաների համար։
Տոնական միջոցառմանը ներկա էին նաև տարբեր մուլտհերոսներ, որոնք իրենց հետաքրքիր խաղերով, երգ ու պարով, ուրախ երաժշտությամբ և զվարճալի ծրագրով իսկական տոն պարգևեցին փոքրիկներին։ Երեխաների դեմքերին երևում էր անկեղծ ուրախությունն ու ժպիտը։
Միջոցառումն անցավ ջերմ և բարձր տրամադրությամբ մթնոլորտում։ Երեխաները ակտիվորեն պարում էին, երգում և նկարվում մուլտհերոսների հետ։
Թումաս Վարդանյանը և նրա ընտանիքը վերջին տարիներին մշտապես իրականացնում են բարեգործական բազմաթիվ նախաձեռնություններ՝ աջակցելով տարբեր համայնքներին ինչպես Հեշտիա գյուղում, այնպես էլ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Նրանց գործունեությունը միտված է հատկապես երեխաների, կրթական և սոցիալական ոլորտներին, ինչի շնորհիվ նրանք վայելում են հանրության մեծ հարգանքն ու վստահությունը։
Մասնավորապես Հեշտիա գյուղի բնակիչները բարձր են գնահատում Վարդանյանների ընտանիքի կատարած բարեգործությունը՝ ընդգծելով, որ այսօր առավել քան երբևէ կարևոր են մարդիկ, ովքեր մտածում են ոչ միայն իրենց մասին, այլև պատրաստ են օգնել ուրիշներին՝ հատկապես երեխաներին։ Բնակիչները իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Թումաս Վարդանյանին և նրա ընտանիքին՝ նման գեղեցիկ նախաձեռնության, հոգատար վերաբերմունքի և երեխաներին ժպիտ ու երջանկություն պարգևելու համար։








































