Մարտի 1-ից Վրաստանում օտարերկրացիների աշխատանքը կսահմանափակվի

Մարտի 1-ից Վրաստանում օտարերկրացիների աշխատանքը կսահմանափակվի

Ընթացիկ տարվա մարտի 1-ից Վրաստանում փոխվում են օտարերկրացիների աշխատանքի ընդունման կանոնները։ Սա նախատեսված է «Աշխատանքային միգրացիայի մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխություններով, որոնք ընդունել է Վրաստանի խորհրդարանը՝ «անօրինական աշխատանքային միգրացիայի դեմ պայքարի և տեղական աշխատաշուկայի պաշտպանության ու զարգացման նպատակով»։

Որպեսզի օտարերկրացին աշխատի օրինական հիմունքներով, մարտի 1-ից անհրաժեշտ են աշխատանքային պայմանագրի կնքում, «աշխատանքային գործունեության իրավունք» և գործող կացության թույլտվություն կամ D1 կարգի վիզա։

Գլխավոր նորամուծություններից մեկը հենց «աշխատանքային գործունեության իրավունքն» է, առանց որի կարգելվի օտարերկրյա ներկայացուցչի հետ կնքել աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր։

«Աշխատանքային գործունեության իրավունք» տրամադրող մարմին է սահմանվել Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը, որին պետք է դիմի գործատուն։

Իր հերթին, Առողջապահության նախարարությունն ունի առավելագույնը 30 օրացուցային օր՝ Վրաստանում օտարերկրացուն աշխատանքի տեղավորելու վերաբերյալ համաձայնություն կամ մերժում տալու համար։

Հատկանշական է, որ առանց աշխատանքային գործունեության իրավունքի աշխատելը կհանգեցնի տուգանքի ինչպես օտարերկրացի աշխատակցի, այնպես էլ գործատուի համար։ aliq.ge