Սննդի դերը. ինչն է բարձրացնում և նվազեցնում ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը

Սննդի դերը. ինչն է բարձրացնում և նվազեցնում ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը

Գիտնականների նոր տվյալները փաստում են, որ սննդակարգը կարող է ազդել ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա։ Չնայած գոյություն չունեն «հրաշագործ» մթերքներ, որոնք լիովին կպաշտպանեն այս հիվանդությունից, գրում է Medical Xpress-ը։

Ըստ Keck Medicine of USC-ի վիրաբույժ Շերոն Շիրագայի, թեև գենետիկան մնում է հիմնական գործոնը, որոշակի մթերքների ընտրությունն ու ճիշտ սննդակարգը ժամանակի ընթացքում կարող են նվազեցնել հիվանդության առաջացման վտանգը։

Մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել վերամշակված և պահածոյացված մթերքների օգտագործումը։ Դրանք սովորաբար մեծ քանակությամբ շաքար, աղ, վնասակար նիտրիտներ և նիտրատներ են պարունակում, որոնք, ըստ համաճարակաբանական հետազոտությունների, կարող են կապված լինել քաղցկեղի տարբեր տեսակների, այդ թվում՝ ստամոքսի քաղցկեղի առաջացման հետ։

Փոխարենը նպատակահարմար է սննդակարգում ներառել հակաօքսիդանտներով հարուստ թարմ միրգ և բանջարեղեն։ Դրանք օգնում են պաշտպանել օրգանիզմի բջիջները վնասվածքներից, որոնք նպաստում են չարորակ ուռուցքների զարգացմանը։

Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ յուրաքանչյուր սննդառության ժամանակ ափսեի մոտավորապես կեսը պետք է լինի բանջարեղեն։ Նաև խորհուրդ է տրվում հետևել միջերկրածովյան դիետային՝ նախապատվությունը տալով բուսական մթերքներին, առողջ ճարպերին, ձկնեղենին, լոբազգիներին և որակյալ սպիտակուցներին։

Կարևոր է նաև կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, որն օգնում է պահպանել առողջ քաշը և նվազեցնում է քաղցկեղի ընդհանուր հավանականությունը, քանի որ ճարպակալումն ինքնին կապված է հիվանդացության բարձր ցուցանիշների հետ։

Շիրագան նաև շեշտում է, որ ավելորդ քաշը և հատկապես որովայնի հատվածում կուտակված ճարպն ուժեղացնում են հորմոնալ ու նյութափոխանակության այն գործընթացները, որոնք մեծացնում են ուռուցքային հիվանդությունների ռիսկը։

Հետազոտողները խորհուրդ են տալիս նաև հրաժարվել ծխելուց և ալկոհոլի չարաշահումից։ Հատկապես գարեջուրն է կապվում ստամոքսի քաղցկեղի բարձր ռիսկի հետ, մինչդեռ կարմիր գինու չափավոր օգտագործումը կարող է նույնիսկ որոշակի պաշտպանիչ ազդեցություն ունենալ։

Ընդհանուր առմամբ, թեև սնունդն ինքնին չի կանխորոշում ամեն ինչ, ամենօրյա առողջ սնվելու սովորությունները, ակտիվ կենսակերպի և քաշի վերահսկման հետ մեկտեղ, կարող են նվազեցնել այն բացասական գործոնների ազդեցությունը, որոնք մեծացնում են ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը։